«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը կոչ է արել ընտրողներին չնվազեցնել Հայաստանում ընթացող խորհրդարանական ընտրություններում ակտիվության տեմպը։
Աբովյանը արձանագրել է ընտրողների բարձր ակտիվությունը՝ հիշեցնելով, որ վերջին տվյալներով քվեարկել է ընտրողների 33,9 տոկոսը։ Ընդդիմության կոչը լսվել է, նշել է Աբովյանը՝ հորդորելով չնվազեցնել տեմպը և ընդգծելով, որ բարձր ակտիվության դեպքում իշխանությունը վերընտրվելու շանս չունի։
Նա դիմել է երևանցիներին՝ կոչ անելով մի կողմ դնել բոլոր տարաձայնություններն ու այն նարատիվը, թե «ամեն ինչ որոշված է»․ որոշողը դուք եք։ Ըստ քաղաքական գործչի, ընտրությունը երկու տրամաբանության միջև է՝ պարել թուրքի սրինգի տակ և սպառնալ հայերին, ինչն անում են իշխանությունները, սերմանել ատելություն և, ըստ էության, ոչ մի դրական բան չանել, կամ՝ կառուցել, բարեկարգել, ազգը տանել դեպի համախմբում։ Բոլորը հոգնել են վերջին տարիների աննորմալ իրավիճակից, ատելության մթնոլորտը պետք է կանգնեցնել, հայտարարել է Աբովյանը։
Քաղաքական գործիչը նշել է, որ արձանագրվել են բազմաթիվ խախտումներ՝ հայտնի խորհրդանիշների (քարտեզի) ցուցադրումից մինչև քվեաթերթիկների ցուցադրում և քվեարկությունն ուղղորդելու փորձեր։ «Հակակոռուպցիոն կոմիտե, դուք հարցեր չունե՞ք իշխանություններին», – հարցրել է Աբովյանը՝ հավելելով, որ իշխանություններն անում են ամեն ինչ՝ ցանկալի արդյունքը ստանալու համար։ «Չեք ստանա, լավ հիշեք և դադարեցրեք ոչ լեգիտիմ մեթոդները։ Մարդիկ ձեզանից չեն վախենում», – հայտարարել է քաղաքական գործիչը։ Նա հավելել է, որ հակակոռուպցիոն կոմիտեն երեկվանից տարածում է կեղծված ձայնագրություններ։ Կոմիտեն կենտրոնացած է ընդդիմության վրա, իսկ իշխանություններին հարցեր չունե՞ք։ Նայեք, թե ինչ է կատարվում», – շարունակել է քաղաքական գործիչը։ Կրկին դիմելով ընտրողներին՝ նա կոչ է արել. «Թույլ մի տվեք, որ երկրի և երեխաների ապագան որոշեն ձեր փոխարեն։ Մենք կհաղթենք»,- վստահեցրել է Աբովյանը։
News.am
