Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել է Արարատի ցեմենտի գործարան և տեղում ծանոթացել արտադրական գործընթացի կազմակերպմանը։ Շրջայցի ընթացքում նրան ուղեկցել է գործարանի գլխավոր տնօրենը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Էդգար Զաքարյանը հայտնել է նախարարության պատրաստակամությունը աջակցելու գործարանի արտադրական գործունեության ընթացքում առաջացող հնարավոր խոչընդոտների լուծմանը։
Անդրադառնալով գործարանի աշխատանքի վերականգնման ընթացքին՝ նախարարի տեղակալը նշել է, որ արտադրական գործընթացի անխափան և անընդհատ պրոցեսը կարևոր է ինչպես արդյունաբերական ներուժի պահպանման, այնպես էլ տնտեսական ակտիվության խթանման տեսանկյունից։
Հիշեցնենք, որ Արարատի ցեմենտի գործարանի աշխատանքները դադարեցվել էին հուլիսի 6-ից՝ գործարանի սեփականատեր, գործարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում։ Հուլիսի 6-ին իրավապահները խուզարկություններ էին անցկացրել Գագիկ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ձեռնարկություններում, այդ թվում՝ Արարատի ցեմենտի գործարանում։ Հուլիսի 9-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն այցելել էր Արարատի ցեմենտի գործարան, հանդիպել տնօրինության հետ, որից հետո լրագրողներին հայտնել էր, որ հուլիսի 10-ից գործարանը կվերսկսի աշխատանքը։
