Թուրքիայի և Իսրայելի միջև բացահայտ ռազմական բախման հիմքեր չկան։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Բացահայտ հակամարտության ոչ մի պատճառ չկա։ Թուրքիան թույլ չի տա իրեն ներքաշել նման իրավիճակի մեջ», – ասել է Ֆիդանը National պարբերականին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «հավատարիմ է հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղեգծին և չի տրվի հնարավոր սադրանքներին»:
Միևնույն ժամանակ, Ֆիդանը կրկին քննադատել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի քաղաքականությունը: Նախարարի կարծիքով՝ Նեթանյահուի կառավարության գործողությունները բեռ են հենց Իսրայելի և տարածաշրջանի և սպառնալիք՝ միջազգային անվտանգության համար:
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում երկիրը պատրաստ կլինի հակահարված տալ Իսրայելին:
Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունը սկսելուց ի վեր։ Անկարան բազմիցս մեղադրել է Իսրայելի իշխանություններին պաղեստինցիների դեմ ուժի անհամաչափ կիրառման մեջ, արգելափակել է Իսրայելի հետ առևտրային հարաբերությունները և հանդես է գալիս 1967 թվականի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին, որի մայրաքաղաքն Արևելյան Երուսաղեմն է: Թուրքիան և Իսրայելը գնալով ավելի հաճախ են միմյանց դիտարկում որպես սպառնալիք իրենց ազգային անվտանգությանը: Այնուամենայնիվ, Անկարայի և Թել Ավիվի միջև սուր խոսույթը բանավեճի սահմաններից դուրս չի գալիս։
Sputnik Արմենիա
