«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց, ինչի ընթացքում 4 ընտրատեղամասում 120 ձայն քիչ է հաշվարկվել։ Այս մասին հայտնել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը` ներկայացնելով նոր տվյալները։
Նշենք` մի քանի ժամ առաջ ԲՀԿ-ն տեղեկացրել էր, որ մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկի գործընթաց:
Տոնոյանը շեշտել է, որ տարբեր տեղամասերից ստացված տեղեկատվության համադրմամբ արձանագրումներ են արել։
– 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
– 12/20 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ի օգտին քվեարկել է 26 ընտրող, իսկ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։
– 27/26 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 19 ձայն, ԿԸՀ կայքում՝ 3 ձայն։
– 37/53 ընտրատեղամասում արձանագրության համաձայն՝ ԲՀԿ-ն ստացել է 7 ձայն, ԿԸՀ կայքում՝ 4 ձայն։
«Սրանք անհերքելի փաստեր են, յուրաքանչյուր ոք կարող է ԿԸՀ-ի կայքում տեսնել այս անհամապատասխանությունները: Փաստերն աշխատանքային ռեժիմով ներկայացվել են ԿԸՀ, և տվյալները փոփոխման փուլում են: Մենք շարունակում ենք տարբեր ընտրատեղամասերի հետ կապված նորանոր արձանագրումներ կատարել և առաջիկայում հանդես կգանք համապատասխան թարմացումներով»,– գրել է Տոնոյանը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։
Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԲՀԿ-ն հաղթահարել է անցողիկ 4 տոկոսի շեմը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
Sputnik Արմենիա
