Логотип

«ԵԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՀԵՏՔԱՅԼ ԱՆԻ, ՄԵԶ ԿՈՒԼ ԿՏԱՆ ԲՈԼՈՐ ԿՈՂՄԵՐԻՑ»

«Ռուսաստանը, սովորության համաձայն, կարող է հետքայլ անել, որպեսզի հետո 3 քայլ առաջ անի, սակայն պետք չէ բանը հասցնել դրան։ Եթե Ռուսաստանը հետքայլ անի, մեզ կուլ կտան բոլոր կողմերից»,- զգուշացրեց քաղաքագետ Ազատ Ադամյանը, որն առավելագույն ճշգրտությամբ էր կանխատեսել հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները։

ՆՐԱ ԽՈՍՔԵՐՈՎ, ՌԴ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՂ ԷԼԻՏԱՆԵՐԻ ՏԵՎԱԿԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏևԱՆՔԸ դարձան տնտեսական պատժամիջոցները, որոնցից տուժեցին երկրի շարքային քաղաքացիները: Որոշակի ժամանակից ի վեր Փաշինյանի ռեժիմին հաջողվել է ռուսատյաց տրամադրություններ տարածել հայ հասարակության բոլոր շերտերում։ Եթե Ռուսաստանը հեռանա Հայաստանից, ապա տարածքային նկրտումներ կունենան բոլոր հարևանները. Վրաստանը, օրինակ, արդեն խոսում է Լոռու մարզի տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի մասին, իսկ Իրանում դեռ չեն մոռացել, որ ժամանակին Հայաստանից պարսիկներին դուրս է մղել Ռուսաստանը:

Քաղաքագետի կանխատեսմամբ, պատահական չէ, որ Փաշինյանը փորձում է դնել երկիրը թուրքական պրոտեկտորատի տակ։ «Նրա համար հայոց պետականության վերացումը հավասարազոր է ֆիզիկական անվտանգության սպառնալիքի վերացմանը, այլ կերպ ասած՝ երկրի վերացումը թույլ կտա նրան խուսափել հայկական օրենքներով պատասխանատվությունից», – ընդգծեց Ադամյանը՝ մատնանշելով, որ բնավ պատահական չի համարում Փաշինյանի մշտական հղումները Պապ թագավորին։ Օրերս Արսեն Ամիրյանի փողոցը վերանվանվեց այդ թագավորի անունով, որը երկիրը պառակտման հասցրեց իր թագավորության ավարտից 3 տարի անց…

Պապը թագավորել է ընդամենը 4 տարի: Հայոց թագավորների պանթեոնում կան շատ ավելի երևելի անհատներ, նրանց ամբողջ տոհմեր, ովքեր Հայաստանը նույն շարքում են դրել այն ժամանակների ամենազարգացած տերությունների հետ: Արտավազդ, Արտաշես, Աշոտ Երկաթ թագավորները շատ ավելին են արել երկրի համար, սակայն Փաշինյանն իր հերոս հռչակեց Պապ թագավորին՝ Եկեղեցու հետ նրա բախման համար։ Այսօր Փաշինյանը համանման բախման միջոցով ձգտում է թուլացնել ժողովրդի դիմադրողականությունը թուրքացման գործընթացին, որն օրեցօր թափ է հավաքում։

ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածությունն առաջադրելու ՔՊ վարչության որոշմանը Քըլըչի դրական արձագանքից հետո (սովորաբար շնորհավորում են ընտրվելուց հետո) Երևանում հիշեցին, որ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի սկանդալային բացահայտման արդյունքում արտգործնախարար Արարատ Միրզոյանին ամուր սոսնձվեց «Օմեգա» ծածկանունով թուրքական գործակալի պիտակը։ Միրզոյանը, հիշեցնեմ, հաստատեց ԱԱԾ-ի հետ համագործակցության փաստաթղթի ստորագրման փաստը, սակայն հերքեց, որ դա արել է որպես թուրքական գործակալ մերկացվելուց հետո:

Փաշինյանն արդեն վստահեցրել է, որ արմատական փոփոխություններ չի նախատեսում իր աշխատակազմում։ Դա հեշտ է բացատրել. իշխող վերնաշերտի պարագլուխն ամենևին էլ նպատակ չունի կատարելագործել պետական կառավարումը և բարձրացնել կառավարության արդյունավետությունը։ Այդ հարցերը նրան չեն հետաքրքրում։ Հայկական պետականության վերացման գործընթացը հունիսի 7-ի ընտրություններից հետո մտել է վճռորոշ փուլ։ Իրադարձություններն արդեն արագացվում են. ռուսական ներկայության կրճատումը տեղի կունենա ԵՄ-ին ՀՀ ինտեգրման ցուցանակի տակ թուրքական ազդեցության ընդլայնման հաշվին։

Մայրաքաղաքի խորհրդում առաջարկվում էր Ամիրյան փողոցը վերանվանել Արցախի հերոս (կոչումը հետմահու է շնորհվել), հայկական երկրորդ հանրապետության առաջին ազատամարտի տարիներին զոհված Աշոտ Ղուլյանի անունով: Մարտական հրամանատարը զոհվել է 1992թ. օգոստոսի 24-ին Դրմբոն գյուղի մերձակայքում: Այդ անունը շատ սազական կլիներ փողոցին: Ղուլյան փողոցը կդառնար ազատության և պայքարի խորհրդանիշ։ Ի դեպ, Ադամյանը չբացառեց, որ ստեղծված իրավիճակից միակ ելքը կարող է լինել հեղափոխությունը, բայց ոչ այն, ինչը կհանգեցնի Փաշինյանի փոխարինմանը Արևմուտքի և Թուրքիայի մեկ այլ խամաճիկով, այլ այն, որը կավարտվի իրական իշխանափոխությամբ՝ ի նպաստ հայ ժողովրդի շահերի և հայոց անկախ պետականության զարգացման: