ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2005 ընտրատեղամասերից 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունը։
Հանձնաժողովից նշում են, որ վերահաշվարկի դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը լրացել է այսօր` ժամը 11։00–ին։
«Թվով 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից 21–ը վերահաշվարկ իրականացնելու դիմումներ չի ստացել։ Թվով 17 ԸԸՀ–ները ստացել են ընդհանուր թվով 30 դիմում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, «Միասնության թևեր» կուսակցության և «Հայաստան» կուսակցությունների դաշինքի վստահված անձանց և թեկնածուների կողմից»,– ասված է հաղորդագրության մեջ։
Ստացած դիմումներն ամփոփելուց հետո ԿԸՀ կայքում կհրապարակվի տեղեկատվություն, թե որ ՏԸՀ-ների քվեարկության արդյունքներն են վերահաշվարկվելու։
Վերահաշվարկի աշխատանքներն իրականացվելու են ԸԸՀ–ների նստավայրերում՝ ուղիղ եթերով։
ԿԸՀ–ից նաև նշում են, որ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ չեն ստացվել։
Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին, որոնց մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է քվեների 3,9%–ը, ինչը նրան թույլ չի տալիս մտնել ԱԺ, սակայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հունիսի 8–ին հայտարարել է, որ վերահաշվարկից հետո իրավիճակը կարող է փոխվել։
Sputnik Արմենիա
