Логотип

«ՀԱՂԹԱԾՆԵՐ»՝ ՎՇՏԱԲԵԿ ԴԵՄՔԵՐՈՎ

Թե որքանով են խորհրդարանական ընտրությունները համապատասխանել ընտրական օրենսդրությանը, մասնավորապես՝ ժողովրդավարական նորմերին և առհասարակ արդարությանը, կարելի է դատել 35/65 ընտրատեղամասի քվեարկությունից: Այնտեղ զինծառայողները համերաշխ և պատշաճ հսկողության տակ շարունակում էին քվեարկել արդեն կեսգիշերին, այսինքն հունիսի 8-ին… Թեև ընտրատեղամասի մուտքը պետք է կողպվեր հունիսի 7-ի ժամը 20.00-ին … Եթե ենթադրենք մի անհեթեթ վարկած, թե բոլոր զինծառայողներն այդ պահի դրությամբ արդեն տեղամասի տարածքում էին, ապա քանի՞սն էին նրանք այնտեղ, եթե քվեարկում էին ևս ավելի քան 4 ժամ:

ԵՐԵՎԻ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷՐ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻ ԴԵՄՔՆ ԱՅԴՔԱՆ ՏԽՈՒՐ, երբ ձայների ընդամենը 10%-ի հաշվարկից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հաղթանակի մասին… Եվ ոչ միայն Պապիկյանի: Փաշինյանի շուրջ կանգնած «Քաղաքացիական պայմանագրի» բոլոր ներկայացուցիչների դեմքերը նույնն էին. Ալեն Սիմոնյանի, Արայիկ Հարությունյանի, Գնել Սանոսյանի, Ռոմանոսի ու մնացյալ ախպերության…

«Սա հաղթած թիմի տեսք չի: Սա ընտրություններում պարտված և զանգվածային բռնություններով և խախտումներով «հաղթանակ» կերտած բանդայի կեցվածք է: Երևում է, որ իրենք շատ լավ գիտեն, թե ինչ հանցանք են գործել»,- այսպես է մեկնաբանել Փաշինյանի շուրջ կանգնած ՔՊ-ականների դեմքերը պատկերող լուսանկարները Լևոն Զուրաբյանը։ Թերևս կարելի է հավելել. հանցանք հայ ժողովրդի, պետության և իրենց գովական ժողովրդավարության դեմ։

Բանն այն է, որ «Քաղաքացիական պայմանագրի» ակտիվիստների շրջանում այս կամ այն չափով պատրանք կար, թե ժողովուրդն իրենց սիրում է։ Դե, կամ համենայնդեպս Փաշինյանին սիրում է հաստատ։ Ընտրությունները ցրեցին այդ պատրանքները, իսկ պատրանքներից բաժանվելը դժվար բան է…

ՔՊ-ի վերնաշերտը հասկանում է, որ ընդամենը ծառայանի է բռնապետի համար, որը, հայտարարելով իր հաղթանակի մասին, անմիջապես հոխորտաց, որ բանտ կնստեցնի իր հիմնական ընդդիմախոսներին, որոնք նույնպես համարձակվել են անցնել խորհրդարան… ՔՊ-ի վերնաշերտը հիասթափված է, որ չնայած զանգվածային խախտումներին, ուժայինների կողմից ընտրողների ահաբեկմանը, ընդդիմադիրների հարյուրավոր ձերբակալություններին, որոնք փաստացի զրկված էին քարոզարշավին և բուն ընտրություններին լիարժեք մասնակցելու հնարավորությունից, իշխող կուսակցությունը չկարողացավ հավաքել ընտրատեղամասեր եկած ընտրողների ձայների կեսը:

«Քաղաքացիական պայմանագիրն» իրավունք կստանա միանձնյա կառավարություն ձևավորել միայն մեր եզակի ընտրական օրենսդրության և արհեստականորեն ստեղծված փոքր կուսակցությունների փոշիացված ձայների շնորհիվ, որոնց գերակշիռ մասը մասնակցել է ընտրություններին հենց իշխող թիմի հաղթանակին օգնելու համար:

Հավանաբար, ՔՊ-ի վերնաշերտը, որը չկարողացավ մաքուր հաղթանակ ապահովել իր առաջնորդի համար, արդեն իր վրա զգացել է նրա ցասումը… Թեպետ, վշտաբեկ դեմքը նրանց առաջին արձագանքն է։ Շուտով նրանք սուրճ կխմեն, լոգանք կընդունեն ու նորից համերաշխ կսկսեն ստել՝ սպասարկելով Փաշինյանի օրակարգերը։

Շատ բան կարելի է ասել։ Բայց առավել կարևորն այլ է։ Եթե ընտրությունների արդյունքներով ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա 2028-ին Հայաստանին դժվար ժամանակներ են սպասվում։

Կհարցնեք՝ ինչո՞ւ ենք նման կանխատեսում անում: Նախ՝ Փաշինյանը նման ավանդույթ ունի։ 2018-ին եկավ իշխանության, երկու տարի հետո, 2020 – ին՝ պատերազմ։ 2021-ին պահեց իշխանությունը, երկու տարի հետո, 2003-ին՝ Արցախի հանձնում։

Այս վիճակագրության մեջ կա կիրառական տրամաբանություն: Որովհետև ընտրություններից անմիջապես հետո Հայաստանի շահերի հերթական հանձնման Փաշինյանը չի կարող գնալ. մարդիկ քաղաքականացված են, կրքերը շիկացած են, պետք է միժառմանակ սպասել, մինչև որ ամեն ինչ համեմատաբար հանդարտվի։

Բայց Հայաստանի ու հայ ժողովրդի շահերի հերթական հանձնումն էլ ձգձգել չի կարելի։ Հերթական հանձնումը պետք է տեղի ունենա այնպիսի ժամկետում, որ Փաշինյանը ժամանակ ունենա հերթական ընտրություններից առաջ մաքրելու փետուրները, մեղքը բարդելու ուրիշների վրա և բարձրացնելու թոշակները ևս 10 հազարով։

Այնպես որ, եթե առաջիկա գործընթացների արդյունքում ամեն ինչ մնա ինչպես կա, կարծում ենք՝ այս տարվա վերջն ու 2027-ը Հայաստանի համար համեմատաբար հանգիստ կլինեն։ Իսկ այ 2028-ի համար չենք երաշխավորի։ Ընդհանրապես:

Հ.Գ. – Երբ ԿԸՀն դեռ չէր հաշվել ձայների նույնիսկ 10%-ը՝ Մակրոնը շնորհավորեց Փաշինյանին հաղթանակի առթիվ։ Հետաքրքիր է, իրենց Ֆրանսիայո՞ւմ էլ է ընդունված, որ ընտրություններում հաղթելուց կամ «հաղթելուց» անմիջապես հետո հաղթող թիմի առաջնորդը հայտարարի, որ բանտ է նետելու իր ընդդիմախոսներին։ Ասենք, իզուր ենք զարմանում, եթե հիշենք, որ Ֆրանսիան աջակցում էր Քադաֆիին և ԲոկասայինՊետք է ենթադրել, որ հանուն սեփական շահերի մեծ ու փոքր բռնապետերին աջակցելը պաշտոնական Փարիզի աշխարհաքաղաքական հոբբին է։