Логотип

Մարինա Սամսոն․ Մեհմեթ Օզի հայտարարություններից հետո սառեցվել է 500-ից ավելի բիզնեսի գործունեություն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամիսներ առաջ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը քաղաքացիական իրավունքների վերաբերյալ բողոք էր ներկայացրել ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) ղեկավար դոկտոր Մեհմեթ Օզի դեմ՝ վերջինիս կողմից հրապարակված տեսանյութից հետո, որտեղ Օզը Լոս Անջելեսում առողջապահական խոշոր խարդախությունները կապում էր հայերին վերագրած հանցավոր խմբերի հետ։

«Մեր գրասենյակը ուսումնասիրում է տեղեկությունները, ըստ որոնց Դոկտոր Մեհմեթ Օզը վերջերս թիրախավորել է Հարավային Կալիֆորնիայի հայ ամերիկյան համայնքը՝ հայերին պատկանող բիզնեսների առջև հնչեցնելով ռասայական երանգներ ունեցող մեղադրանքներ խարդախության վերաբերյալ, այդ թվում՝ հանրահայտ մի հացատան դիմաց։ Հաշվի առնելով պատմական զգայունությունները՝ մենք այս մեղադրանքներին լուրջ ենք վերաբերվում։ Ատելության ցանկացած դրսևորում տեղ չունի Կալիֆորնիայում»,- X սոցիալական հարթակում գրել էր նահանգապետ Գևին Նյուսոմը։

Թեմայի վերաբերյալ Alpha News-ը զրուցել է «Samson Law» իրավաբանական գրասենյակի ղեկավար Մարինա Սամսոնի հետ:

Նա նշել է, որ Մեհմեդ Օզի բացահայտումներն ունեցել են ոչ միայն քրեական հետևանքներ, այլև դրանց արդյունքում սառեցվել է 500-ից ավելի բիզնեսի գործունեություն։ Դա, ըստ Մարինա Սամսոնի, տնտեսական ծանր հետևանքներ է ունեցել հայկական բիզնեսի և հայ համայնքի վրա։

«Ձերբակալվել են մի խումբ բժիշկներ։ Նրանք ապահովագրման համար միլիոնավոր գումարներ են վերցրել, սակայն համարժեք ծառայություններ չեն մատուցել»,- ընդգծել է Սամսոնը։

Նրա խոսքով՝ խարդախությունների բացահայտումը և կանխարգելումը ամերիկյան վարչակազմի առաջնահերթ ուղղություններից մեկն է, և այդ գործընթացը համակարգում է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։