ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակության ղեկավար Յանեշ Լենարչիչն ակնարկել է, որ ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների այցերը կարող էին ազդեցություն ունենալ Հայաստանի ընտրությունների վրա:
Հունիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լենարչիչը նշել է, որ դիտորդական առաքելությունը հետևել է ընտրական գործընթացի բոլոր փուլերին, և իրենց գնահատականը հիմնված է անմիջականորեն ստացված ու վերլուծված տվյալների վրա:
Նրա խոսքով՝ չնայած արձանագրված տարբեր խնդիրներին, ընտրողներին հնարավորություն է տրվել իրական ընտրություն կատարել: Գործընթացը կազմակերպված է եղել բարձր մակարդակով, հանձնաժողովներն աշխատել են թափանցիկ ձևով, իսկ նիստերը հեռարձակվել են։ Այդուհանդերձ, ընտրություններն անցել են աննախադեպ ճնշումների, պատժամիջոցների և ամենօրյա սպառնալիքների մթնոլորտում, քանի որ դրանք վերաբերում էին քվեարկության այս կամ այն արդյունքի դեպքում սպասվող հետևանքներին։ Արձանագրվել է նաև արտաքին ներգործություն: Նախընտրական քարոզարշավը եղել է ծայրահեղ բևեռացված և ուղեկցվել է սադրիչ ու վիրավորական հռետորաբանությամբ: Միևնույն ժամանակ, թեև 2021 թվականի ընտրությունների համեմատ առաջընթաց կա, ԺՀՄԻԳ-ի և Վենետիկի հանձնաժողովի շատ առաջարկներ այդպես էլ չեն կատարվել:
Եվրոպացի դիտորդները վարչական ռեսուրսի համակարգված կիրառում չեն արձանագրել, սակայն բազմաթիվ հաղորդումներ են ստացել (որոնց մի մասը բավականին արժանահավատ է) իշխող կուսակցության կողմից ընտրողների նկատմամբ գործադրված ճնշումների մասին: Սա, տնտեսական բնույթի քայլերի հետ մեկտեղ, իշխանությանը դրել է ավելի շահեկան դիրքերում: Դրան գումարվել են ընդդիմության նկատմամբ ճնշումները, ընդդիմադիրների ձերբակալություններն ու հետապնդումները, ինչն էլ իր ազդեցությունն է ունեցել ընդդիմադիր միջոցառումների մասնակցության ցուցանիշների վրա: Սոցիալական մեդիայի մոնիթորինգը ցույց է տվել նաև մրցակիցներին վարկաբեկելու նպատակով արհեստական բանականության կիրառման փորձեր։
Եվրոպացի դիտորդի խոսքով՝ կան նաև կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության հետ կապված խնդիրներ: Լրատվամիջոցները մեծ մասամբ պարզապես տարածել են քաղաքական հակառակորդների հռետորաբանությունը, իսկ ծրագրային վերլուծությունները եղել են սահմանափակ: Հանրային հեռուստաընկերության (ՀՊՏԱ) կողմից ակնհայտ կողմնակալություն է նկատվել իշխանության օգտին, իսկ որոշ մասնավոր լրատվամիջոցներ որդեգրել էին հակառակ մոտեցումը, ինչի հետևանքով ընտրողները զրկվել են օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հնարավորությունից։
Պատասխանելով այն հարցին, թե կոնկրետ ինչ նկատի ուներ «արտաքին ճնշումներ և ազդեցություն» ասելով՝ առաքելության ղեկավարը պարզաբանել է, որ արտաքին ճնշումները Ռուսաստանի Դաշնության կողմից կիրառված սահմանափակումներն են, որոնք ուղեկցվել են ռուսաստանցի տարբեր պաշտոնյաների հայտարարություններով և Հայաստանի ինքնիշխանության հասցեին ուղղված սպառնալիքներով: Իսկ հարցի երկրորդ մասին անդրադառնալով՝ նա մատնանշել է ԵՄ-ից և ԱՄՆ-ից բարձրաստիճան պաշտոնյաների կատարած այցերը:
News.am
