Логотип

«ՇԱՐՈՒՆԱԿԵՔ ՊԱՐԵԼ». ՊԱՐԵՐԸ ԻՆՏԵՆՍԻՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՎ ՆՎԱԶԵՑՆՈՒՄ ՍԹՐԵՍԸ

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային երաժշտության տակ պարելը կարող է ոչ միայն բարձրացնել տրամադրությունը, այլև օգնել օրգանիզմին հաղթահարել սթրեսը՝ միաժամանակ ապահովելով ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածություն:

Հետազոտությունը AlphaTheta ընկերության հետ համատեղ գլխավորել է Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի (London School of Economics) վարքագծային գիտությունների ֆակուլտետի պրոֆեսոր Փոլ Դոլանը:

Երկու ժամանոց սեսիաները վարել է «Music and Movement Is Medicine» նախագծի հիմնադիր Էմմա Մարշալը: Հետազոտությանը մասնակցել է 60 մարդ, որոնք անցել են հատուկ մշակված փուլերով՝ երաժշտության հանգիստ ունկնդրումից և շնչառական վարժություններից մինչև նստած շարժումներ, քայլերթ, կանգնած վարժություններ և ազատ պար:

Պարապմունքների ընթացքում հետազոտողները հետևել են մասնակիցների սրտի ռիթմին՝ հասկանալու համար, թե ինչպես են երաժշտությունն ու շարժումն ազդում օրգանիզմի վրա:

Արդյունքները նկատելի ֆիզիոլոգիական արդյունք են ցույց տվել: Շնչառական վարժությունների և նստած շարժումների ժամանակ սրտի ռիթմի փոփոխականությունն աճել է 18,5%-ով, ինչը համարվում է նյարդային համակարգի՝ ավելի հանգիստ և թուլացած վիճակի անցման նշան:

Ազատ պարերի ժամանակ մասնակիցների սրտի կծկումների հաճախականությունը հասել է նրանց առավելագույն պուլսի մոտ 75%-ին, ինչը համապատասխանում է ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածությանը:

Մասնակիցները հայտնել են նաև պարապմունքներից հետո հոգեբանական վիճակի բարելավման մասին: Տագնապի մակարդակը նվազել է, ուրախության զգացումն ուժեղացել է, իսկ այլ մարդկանց հետ կապվածության զգացողությունը նկատելիորեն աճել է:

Պրոֆեսոր Փոլ Դոլանը նշել է, որ տվյալները ցույց են տալիս, թե որքան արագ է օրգանիզմն արձագանքում երաժշտության տեմպի փոփոխությանը:

«Այս տվյալների շնորհիվ մենք տեսնում ենք, թե ինչպես է մարմինն ակնթարթորեն արձագանքում րոպեում հարվածների քանակի փոփոխություններին»,- ասել է նա: «Պարզվում է, որ DJ-ը պարզապես երաժշտություն չի միացնում. նա ֆիզիոլոգիական ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա»:

Էմմա Մարշալը հավելել է, որ կարևոր դեր է խաղացել հենց պարապմունքների կառուցվածքը:

«Խոսքը միայն պարելու մասին չէ»,- պարզաբանել է նա: «Երաժշտությունը և փորձառության կառուցվածքը օրգանիզմն անցկացնում են հանգստության, լարվածության աճի, գագաթնակետի և վերականգնման շրջափուլով: Տվյալները ցույց են տալիս, որ սթրեսի կարգավորումը տեղի է ունենում իրական ժամանակում՝ հենց նրա շնորհիվ, թե ինչպես է կառուցված սեսիան»:

Հետազոտության հիմնական եզրակացությունը պարզ է՝ շարունակեք պարել:

News.am