Логотип

ՈՎ Է ՀԱՋՈՐԴԸ. ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼ Է ՄԻԱՎՈՐՎԵԼ… ԲԱՆՏՈ՞ՒՄ

Ընտրություններից անցել է մեկ ամիս. Նիկոլը մոլեգնում է ողջ թափով, ամրագրելով իշխանության ուզուրպացիան, ձգելով պտուտակները և ակտիվորեն հող նախապատրաստելով Անկարայում, Բաքվում, Բրյուսելում և Վաշինգտոնում նստած իր տերերին տված նախընտրական բոլոր խոստումները բացարձակ բռնապետության պայմաններում կատարելու համար։ Ընտրություններից անցել է մեկ ամիս. իրավիճակն ընդդիմության ճամբարում ամենևին լավ չէ՝ հետագա գործողությունների որոշակիության և կարծես թե խոստացված միավորման տեսանելի արդյունքների առնվազն հրապարակային մակարդակում բացակայության առումով։

ԴԺՎԱՐ Է ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՐԶԱՊԵՍ ԹՎԱՐԿԵԼ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ և նրանց առաջնորդների նկատմամբ հետապնդումների և բռնաճնշումների բոլոր դեպքերը միայն վերջին երկու և ավելի ամիսների ընթացքում: Առավել նշանակալի դրվագները՝ Անդրանիկ Թևանյանի ձերբակալությունը մայիսին, Ալիկ Ալեքսանյանինն ու Արմեն Աշոտյանինը՝ ընտրություններից 2-3 օր առաջ, Ռոբերտ Քոչարյանի դեմ նոր քրեական գործն արդեն հունիսի 7-ից հետո, Ավետիք Չալաբյանի և երեկ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունները։ Գումարած «Ուժեղ Հայաստանի» կողմնակից գնդապետ Էդիկ Մալոյանի գործը, իսկ թե այդ կուսակցության քանի անդամներ ու համակիրներ են ձերբակալվել և կալանավորվել ընտրություններից առաջ ու հետո, դժվար է ասել, բայց խոսքը հաստատ մի քանի հարյուրի մասին է։

Այն, որ բռնաճնշումները կուժգնանան՝ ընդգրկելով արդեն ոչ միայն քաղաքական, այլև հասարակական դաշտը, բնականաբար՝ կասկածից վեր է։ ՔՊ-ն կանի ամեն ինչ, որպեսզի արդեն շատ շուտով ստանա իրական ընդդիմախոսներից մաքրված այն քաղաքական տարածքը, որը կապահովի ուզուրպատորների կուսակցության հարմարավետ և համեմատաբար հանգիստ կյանքն ու հետագա անխափան վերարտադրությունը. լինի դա խորհրդարանական, թե տեղական ընտրություններում։

Ի՞նչ ունենք ընդդիմադիր դաշտում, բացի ձերբակալություններից և այլ ապօրինություններից, որոնք հանրության կողմից արդեն ընկալվում եթե ոչ անտարբերությամբ, ապա որպես սովորական երևույթ։ Սահմանադրական դատարանում լսումների միանգամայն կանխատեսելի արդյունքներ և մանդատները վերցնելու երկու կուսակցությունների նույնքան սպասելի որոշում՝ պայքարը շարունակելու և իշխանափոխություն իրականացնելու երդումներով։ Թե ինչպես են դա անելու՝ մեզ չեն ասում, բայց ակնարկում են «գաղտնի ծրագրի» և «փողոցը» ներգրավելու մտադրության մասին։ Հնգամյա վաղեմության իրավիճակի հետ զուգահեռներից, որքան էլ ջանաս, շատ դժվար է խուսափել։

Հռետորական հարցեր տալ այն մասին, թե ինչ է արել ընդդիմությունն այն 5 տարիների ընթացքում, երբ Փաշինյանը նպատակաուղղված, ամեն օր ու ամեն ժամ պատրաստվում էր 2026-ի ընտրություններին, անիմաստ է։ Նույնքան անիմաստ է հարցնել, թե ինչ նկատի ունեին ընդդիմության առաջնորդները, երբ ամպագոռգոռ հայտարարում էին, թե պատրաստ են հետընտրական ցանկացած սցենարի։ Պարզվեց, որ պատրաստ չեն նույնիսկ ամենապրիմիտիվին ու սպասելիին՝ ընտրակեղծիքներին, խարդախմանը և ձայների զանգվածային գողությանը, ընդհուպ մինչև ԱԺ–ում երրորդ ընդդիմադիր կուսակցության ներկայության բացառում ամեն գնով։

Իսկ գլխավորը, պատրաստ չեն միավորվել նույնիսկ բոլորի համար ընդհանուր վտանգի պայմաններում։ Գլխավոր ընդդիմադիր առաջնորդներից յուրաքանչյուրի լիարժեք գիտակցումով հանդերձ, թե ինչ ծայրահեղ վտանգավոր է իրավիճակը հայոց պետականության համար: Իրավական, քաղաքական և հասարակական դաշտում իշխանությունների սանձարձակ կամայականության խորապատկերին։ Եվ նույնիսկ ընդդեմ են իրենց՝ ընդդիմադիր ճամբարի գլխավոր դերակատարների դեմ ակնհայտ որսին։ Ընդ որում՝ համատեղ գործողությունների համար բազմաթիվ առիթների և դրդապատճառների առկայության դեպքում, ինչպիսիք ուզուրպատորները տրամադրում են առավել քան մեծ քանակությամբ։

ՕՐԻՆԱԿ, ՌԵԺԻՄԻ ՊԱՐԱԳԼԽԻ ԱՅՆ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ, թե ՔՊ-ի օգտին չքվեարկած բոլոր ընտրողներն արել են դա փողի դիմաց։ Սոցցանցերում հայտնվեցին զայրացած քաղաքացիների կոչեր՝ համատեղ դիմելու դատարան ընդդեմ Փաշինյանի, որը բացահայտ զրպարտում է իրենց ծախվածության և կաշառակերության մեջ։ Դա կարող էր իսկապես հզոր և աղմկահարույց զանգվածային շարժում դառնալ գործող իշխանության դեմ, եթե հիմնական ընդդիմադիր ուժերը գլխավորեին և համակարգեին գործընթացը՝ միասնաբար: Չարեցին:

ՍԴ որոշումից հետո հնչեց համատեղ հայտարարություն, որը, սակայն, ստորագրեցին ընդամենը 5 կուսակցություններ. նույնիսկ ոչ բոլոր 7-ը, որոնք դիմել էին ընտրություններն անվավեր ճանաչելու պահանջով։ Մյուսները նախընտրեցին հանդես գալ առանձին։

Եվրահանձնաժողովի ղեկավար Ֆոն դեր Լյայենի այցը ոչ պակաս հիանալի հնարավորություն էր բողոքի համատեղ ակցիա կազմակերպելու քաղաքական բռնաճնշումների դեմ և դրանով իսկ հավաքելու հնարավորինս շատ մասնակիցներ: Բայց չարվեց. ակցիան կազմակերպվեց «Հայաքվե» նախաձեռնության և «Մայր Հայաստան» կուսակցության ուժերով. լավ էր, որ դրա մասնակիցների ձեռքում ոչ միայն Թևանյանի և Չալաբյանի, այլև մյուս քաղբանտարկյալների դիմանկարներն էին:

Ժամանակային առումով վերջին օրինակը. հայտարարությունն ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի ստորագրել են 8 ընդդիմադիր քաղաքական ուժեր։ Դրանց թվում չկար այսօրվա դրությամբ գլխավոր ուժը՝ «Ուժեղ Հայաստանը», այսինքն միասնական դիրքորոշման մասին խոսելն անգամ անիմաստ է նույնիսկ քաղաքական բռնաճնշումների դատապարտման հարցում։

Հիմա հարց. ինչպե՞ս քաղաքացիներն այս ամենի խորապատկերին հավատան պայքարը շարունակելու և իշխանափոխության հասնելու խոստումներին: Ինչպեսև անհրաժեշտության դեպքում դուրս գան փողոց և սատարեն այդ պայքարին, ինչին ապավինում են ընդդիմադիրները, եթե հավատանք նրանց հայտարարություններին։

Այս բոլոր հարցերը տալ ստիպում է նախևառաջ մեծ տագնապը Հայրենիքի ճակատագրի համար, որը փաստացի սեղմված է անհաղթահարելի աքցանի մեջ։ Մի կողմից՝ ընդհանուր հանցագործություններով համախմբված ուզուրպատորներ, որոնք պատրաստ են ատամներով պաշտպանել իրենց իշխանությունն ու բարեկեցությունը, մյուս կողմից՝ ընդդիմադիր ուժեր, որոնք ստացել են իրենց հավատացած հարյուր հազարավոր քաղաքացիների աջակցությունը, բայց որոնց առաջնորդներն ի վիճակի չեն մի կողմ դնել անձնական հավակնություններն ու հնարավոր հակասությունները՝ հանուն հայոց պետականության փրկության։

ԸՆԴ ՈՐՈՒՄ, ԵԹԵ ՀԱՎԱՏԱՆՔ ԱՅԴ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻ ԲԱԶՄԱԹԻՎ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, իրավիճակի նրանց գնահատականները՝ երկրի համար գլխավոր սպառնալիքների ու վտանգների, ինչպես նաև գործող իշխանություններին հեռացնելու գոյաբանական անհրաժեշտության առումով, բացարձակ նույնն են։ Այդ դեպքում ուրիշ ինչո՞վ, բացի անձնական նկրտումներից, կարելի է բացատրել Հայաստանի համար գերկարևոր նպատակի շուրջ միավորվելու անհնարինությունը։

Մինչդեռ ուզուրպատորները լկտիանում են բառացիորեն աչքներիս առաջ՝ անմիջական սպառնալիքներ հնչեցնելով ընդդիմախոսների հասցեին։ Խորհրդարանում իրենց ապագա գործընկերներին նրանք արդեն անվանում են «բոքսի տանձ», «փողի պարկեր», կեղծարարներ ու կոռուպցիոներներ՝ սպառնալով «պատժել ու ոչնչացնել»։ Առանձնակի «կատաղի» արտահայտվեց Անկարայի կողմից ԱԺ նախագահի պաշտոնում նշանակված և աչքներիս առաջ լպիրշացող Ռուբինյանը, որի սպառնալիքները, հատկապես հաշվի առնելով իրեն զսպելու նրա անկարողությունը, լիակատար պատկերացում են տալիս, թե ինչ է կատարվելու երկրի օրենսդիր մարմնում… Մոտավորապես նույնը, ինչ արեց իշխող կուսակցությունը Երևանի ավագանու նիստում մի քանի շաբաթ առաջ, բայց հաստատ՝ է՛լ ավելի վատ։

Գուցե ընդդիմությունը որոշել է միավորվել… բանտո՞ւմ։ Քանզի այս տեմպերով և այն վճռականությամբ, որով Նիկոլը պաշտպանում է իր ուզուրպացրած իշխանությունը, շատ շուտով ազատության մեջ չի մնա ո՛չ խորհրդարան անցած, ո՛չ էլ նրանց աջակցած ուժերի գեթ մեկ առաջնորդ, և ոչ էլ բոլոր նրանք, ովքեր իրական ընդդիմություն են իշխանությանը և ինչ-որ աջակցություն ունեն հասարակության մեջ։

Եվ այդժամ տեղի կունենա արդեն ընդդիմադիր դաշտի յուրացում փաշինյանական արբանյակների՝ հաջորդ արտահերթ կամ հերթական ընտրություններում նրա ապագա «մրցակիցների» կողմից։ Քանզի մինչ ընդդիմությունը դանդաղ «մարսում» է անցյալը, Փաշինյանը արագացված կառուցում է իր և Հայաստանի ապագան։

Թե ինչպիսին կլինի դա, գիտեն բոլորը, և ամենքից լավ՝ ընդդիմադիր գործիչները։ Բայց շարունակելով իրենց ընտրողներին նկարագրել նիկոլավարի ապագայի բոլոր «հմայքները», նրանք չեն խոսում գլխավորի մասին. ինչպես կանխել այդ ապագան։ Չգիտեն, թե՞, կներեք ենթադրության համար, չեն ուզում։