Логотип

ՈՐՏԵՂԻ՞Ց ՀԱՅՏՆՎԵՑ «300 ՀԱԶԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ» ԹԵԶԸ, ԵՎ Ի՞ՆՉ ԵՆ ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԹՎԵՐԸ

Վերջին ամիսներին մեր քաղաքական և մեդիա դաշտում դժվար է մտաբերել մեկ այլ թեմա, որը նույնքան արագ տարածվի, որքան «300.000 ադրբեջանցիների» թեզը։ Թեման դարձավ նախընտրական գլխավոր խոսույթներից մեկը, ու թեև ընտրություններն ավարտվել են, քննարկվում է մինչ օրս։ Ճիշտ է արդյոք այդ թիվը, և ի՞նչ է ցույց տալիս պաշտոնական վիճակագրությունը։ Այս մասին գրում է «Հետք»ը։

ՈՐՏԵՂԻ՞Ց Է ԾԱԳԵԼ «300 ՀԱԶԱՐ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԻ» ԹԵԶԸ

2024 թ. դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հարցազրույց է տվել ռուսական պետական «Ռոսիա» պետական հեռուստաընկերությանը և «ՌԻԱ Նովոստի» (РИА Новости) գործակալությանը։ Լրագրողի՝ Արցախում մնացած հայերի վերաբերյալ հարցին ի պատասխան նա նշել է, որ այնտեղ, վերջին տվյալներով, ապրում է շուրջ 20 հայ, որոնք, ըստ նրա, շարունակում են սոցիալական աջակցություն ստանալ Ադրբեջանի սոցիալական ապահովության նախարարությունից։

Խոսելով այդ թեմայի շուրջ՝ Ալիևն անդրադարձել է նաև Հայաստանից «տեղահանված» ադրբեջանցիների վերադարձի հարցին. «1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին Հայաստանից տեղահանված ադրբեջանցիների համայնքը, որի կազմում մոտ 300 հազար մարդ կա, պաշտոնապես դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ խնդրելով իրենց համար ևս ստեղծել վերադարձի և արդեն Հայաստանում վերաինտեգրման պայմաններ։ Այն, որ նրանք 1990-ականների սկզբին արտաքսվել են այնտեղից, չի նշանակում, թե կորցրել են վերադառնալու իրավունքը։ Մենք մինչ օրս Հայաստանի ղեկավարությունից պատասխան չենք ստացել, թե ինչպես են պատկերացնում ադրբեջանցիների վերաինտեգրումը իրենց պատմական հողերում»։

«Պատմական հողեր» ասելով՝ Ադրբեջանի նախագահը նկատի ունի ներկայիս ՀՀ ինքնիշխան տարածքը, որն իր իսկ քարոզչամեքենան անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։

Թեև պաշտոնական Բաքուն խոսում է խաղաղության գործընթացից, զուգահեռ իրականությունում շարունակում է զարգացնել «Արևմտյան Ադրբեջան» թեզը։ Վերջին տարիներին այս թեմայով անցկացվել են բազմաթիվ միջոցառումներ, համաժողովներ ու քննարկումներ։

Քարոզչական այս միջոցառումների հետևում կանգնած է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը, որը ստեղծվել է 1989-ին և նախապես կոչվում էր «Ադրբեջանի փախստականների միություն», սակայն 2022-ի օգոստոսին անվանափոխել է:

«Հետքը» գրել է, որ այս կազմակերպությունն իրականում պետական մակարդակով առաջ մղվող ծավալապաշտական, հակահայկական ծրագրի կատարողն է, բայց «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրն ու դրա շրջանակներում իրականացվող տարբեր միջոցառումների գլխավոր պատվիրատուն Ադրբեջանի նախագահի աշխատակազմն է: Մասնավորապես՝ 2023-ի դեկտեմբերից ամեն տարի Ադրբեջանում կազմակերպվում են միջազգային կոնֆերանսներ «Հայաստանից վտարված ադրբեջանցիների անվտանգ և արժանապատիվ վերադարձի» թեմայով:

Փաստն այն է, որ երբ 2022-ի հոկտեմբերի 6-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, դրանից 2 ամիս անց՝ 2022-ի դեկտեմբերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպության հետ հանդիպմանը հայտարարեց. «Այժմ, երբ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է, սա է մեր օրակարգում եղած խնդիրը: Իհարկե, վաղաժամ էր խոսել դրա մասին նախքան Ղարաբաղյան հակամարտության լուծումը: Բայց մենք չպետք է ժամանակ վատնենք: Պետք է մշակվի վերադարձի հայեցակարգ: Կրկին, այն պետք է լինի խաղաղ հայեցակարգ»:

Այսինքն՝ կեղծ են Փաշինյանի և նրա թիմի բոլոր այն պնդումները, թե ադրբեջանցիները «վերադարձի» թեման առաջ են քաշում ի պատասխան արցախահայության վերադարձի իրավունքի մասին հայտարարությունների: Իրականում պաշտոնական Բաքվի պատվերով այս խոսույթը սկսել է ակտիվորեն շրջանառվել 2022-ից՝ այն բանից հետո, երբ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, այլ կերպ ասած՝ դեռ այն ժամանակ, երբ Արցախի տարածքը հայաթափված չէր և, թեկուզ մասամբ, հայկական վերահսկողության տակ էր:  

Վերջերս՝ 2026 թվականի հունիսի 22-ին, «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով մի միջոցառում տեղի ունեցավ Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում, որտեղ Հայաստանի տարածքը ներկայացվում էր որպես «Արևմտյան Ադրբեջան», ելույթներում էլ հնչում էին Հայաստանի տարածք ադրբեջանցիների վերադարձի և հետագայում նման միջոցառումները Հայաստանի տարածքում անցկացնելու մասին հայտարարություններ։

News.am