Այսօր Հայ առաքելական սուրբ եկեղեցին նշել է Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Ինչպես հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը, Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ մատուցվել է սուրբ և անմահ պատարագ, պատարագիչն է եղել Քարոզչական կենտրոնի տնօրեն Զաքարիա եպիսկոպոս Բաղումյանը։
«Դարերի հոլովույթում Մայր տաճարը քարեղեն շինությունից վերածվել է առաքելության, աննկուն ոգու և զորեղ կամքի՝ առաջնորդելով մեր ազգին պատմության քառուղիներում․․․ Սուրբ Էջմիածինը նաև համայն հայության տունն է, իսկ էջմիածնասիրությունը՝ հայրենանվիրումի և աստվածսիրության վառ օրինակ․․․Երբ հեռացել ենք Սուրբ Էջմիածնի խորհրդից, խարխափել ենք խավարում, հեռացել մեր արմատներից, լուսավորչական ուղղափառ հավատքից և ծնկել բազում դժվարությունների առաջ։ Բայց երբ վերագտել ենք Ս․ Էջմիածինը, պայծառակերպվել, լուսավորվել և ավելի հայացել»,- ասել է Զաքարիա սրբազանն իր խոսքում։
Նա հիշեցրել է, որ օրհասական պահերին ժողովուրդը համախմբվել է հենց Սուրբ Էջմիածնի շուրջն այն համոզմամբ, որ քանի դեռ կանգուն է մեր հավատքի խորանը, կանգուն կլինի նաև հայոց ազգը։
Պատարագի ավարտին վեհափառի գլխավորությամբ կատարվել է Հայրապետական մաղթանք։
Հավատացյալ ժողովուրդը և եկեղեցական դասն աղոթք են բարձրացրել առ Աստված Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության համար։
