Եվրամիության, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճը Կովկասյան տարածաշրջանի երկրների վրա լարվածության էլ ավելի մեծ օջախ կստեղծի։ Այս մասին ահաբեկչությանը և ծայրահեղականությանը հակազդելուն ուղղված աշխատանքների համակարգման հարցերով ԱՊՀ պետությունների հակաահաբեկչական կառույցների գլխավոր ստորաբաժանումների ղեկավարների և Համագործակցության երկրների ազգային կառույցների ղեկավարների XIX խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը։
«Գլոբալ փոփոխությունների և աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման ընդհանուր բացասական միտումների հետ մեկտեղ, յուրաքանչյուր տարածաշրջանում իրավիճակն իր յուրահատուկ առանձնահատկություններն ունի։ Առկա մարտահրավերներից բացի, կազմակերպության պատասխանատվության գոտում ի հայտ են գալիս նոր սպառնալիքներ և մարտահրավերներ։ Հատկապես լարված իրավիճակ է ստեղծվում ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների մոտ։ Հիմնական սպառնալիքը բխում է այսպես կոչված քաղաքակիրթ Եվրոպայի երկրներից, որոնք ռևանշիստական, միլիտարիստական մոլուցքի մեջ են ընկել։ Ռազմական ծախսերի ավելացման կայուն միտում կա», – ասել է նա։
Sputnik Արմենիա
