Логотип

Վահագն Ալեքսանյանը հերքում է, թե ՔՊ-ն ԲՀԿ-ին որևէ գործարք է առաջարկել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը հերքում է, թե ՔՊ–ն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը որևէ գործարք է առաջարկել։

Այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը` ԲՀԿ–ն հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն ՔՊ–ն նրան գործարք է առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը և հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար։

«Միակ գործարքը, որ առաջարկել ենք ԲՀԿ–ին և հիմա էլ առաջարկում ենք, դա էն է, որ մաքսիմալ արագ ժողովրդից գողացվածը վերադարձնել ժողովրդին»,–ասաց Ալեքսանյանը։

Անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմադիրները հայտարարում են, որ ընտրատեղամասերում ձայների հաշվարկը, մեղմ ասած, կեղծված է, Ալեքսանյանը նախ ծիծաղեց, հետո բացատրեց, որ թյուրիմացություն է եղել, որի արդյունքում իրենք ևս տուժել են։

«Մեր ընտրական համակարգն աշխատում է ձեռքով, այսինքն՝ թիվը բերում են, օպերատորը ձեռքով համակարգչի վրա է անցկացնում, և զերծ չէ սխալներից։ Լրիվ ակնհայտ բան է տեղի ունեցել` 2 ընտրատեղամասում թվերը անցկացնելիս մարդիկ ակնհայտորեն մի տող բաց են թողել, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստանի» ձայները, եթե չեմ սխալվում, գրվել է իրենցից հաջորդի` 8-րդ համարի տակ, 8–րդ համարի ձայները` 9–րդ համարի տակ, 16–ինը` 17-րդի տակ»,–ասաց Ալեքսանյանը։

Նա ընդգծեց, որ այդ տեղամասերում ՔՊ–ից 650 ձայն պակաս է հաշվարկվել։

Երեկ հայտնի դարձավ, որ ԲՀԿ-ին ընդամենը 60 ձայն չէր հերիքում խորհրդարան անցնելու համար: Կուսակցությունը վերահաշվարկ է սկսել մի շարք ընտրատեղամասերում և արդեն իսկ բազմաթիվ անճշտություններ հայտնաբերել:

Sputnik Արմենիա