ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար Ռուսաստանից Հայաստան ժամանած Հովհաննես Սահակյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին քննչական կոմիտեից։
Ավելի վաղ նա «Զվարթնոց» օդանավակայանում հարցազրույց էր տվել և ասել, որ եկել է քվեարկելու և շուտ մեկնելու է. «Էրեխեքի հետ ենք եկել, կարող ա իրավիճակը խառնվի, չմնանք բարդություններին»։ Նրա մասնակցությամբ տեսանյութը մեծ աղմուկ էր բարձրացրել սոցցանցերում, իսկ տղամարդը ձերբակալվել էր հունիսի 7-ին «Զվարթնոց» օդանավակայանում, երբ փորձում էր ՌԴ վերադառնալ։ Ըստ ՔԿ–ի` Հ.Ս.–ն, տեղյակ լինելով նախապատրաստվող հանցագործության մասին, չի հայտնել ՀՀ իրավասու մարմիններին։
«Հանցագործության մասին չհայտնած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը»,– ասացին ՔԿ–ից։
Հավելենք, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այսօր առավոտյան այցելել էին ձերբակալված Հովհաննես Սահակյանին, առանձնազրույց ունեցել նրա հետ և քննարկել նրա բարձրացրած հարցերը։
Հիշեցնենք` հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններ անցկացվեցին։ Ընտրություններին մասնակցեց 16 կուսակցություն և 2 դաշինք։ Նախնական հաշվարկների համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 49,82%–ը, «Ուժեղ Հայաստան» դաշինքին` 23,28%–ը, «Հայաստան» դաշինքին` 9,93%–ը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը` 3,9%–ը։
Քվեարկությանը մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող 2 507 216 քաղաքացիներից 1 477 736-ը կամ 58,94%–ը:
