Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ ձայների «գողության» դեպքերի մասին։ Ըստ ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալնների՝ ԲՀԿ-ն հավաքելով 3,996% ձայն, չի հաղթահարել անցողիկ շեմն ու չի անցնում ԱԺ։
Կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ կուսակցությունը պահանջել է վերահաշվարկ և ունի տվյալներ կոնկրետ տեղամասերում արձանագրված թերհաշվարկների վերաբերյալ։
«Տարօրինակ պրոցեսներ են գնում, երբ որ վերջին պահին մեր հրապարակված թվից հազարերորդական թվով ձայներ են պակասում։ Այս պահի դրությամբ տեղամասերի քանակը զերծ կմնամ ասել, բայց հավատացնում եմ, որ մեկ կամ երկու չէ»,- ասել է նա։
Աբովյանի տվյալներով՝ իրենց օգտին քվեարկած, սակայն չհաշվարկված ձայներից 120-ը հայտնաբերվել է ընդամենը չորս ընտրատեղամասում, ինչը, նրա համոզմամբ, կրում է ոչ թե տեխնիկական, այլ քաղաքական բնույթ։ Աբովյանի պնդմամբ՝ սա փորձ է կանխելու խորհրդարանում ընդդիմության բարձր ներկայացվածությունը։
«ԱԺ-ում մի պրոցես կարող է գնալ, եթե լինի երեք ընդդիմադիր ուժ և այլ պրոցես, եթե լինի երկու ընդդիմադիր ուժ։ Մենք «մանդատակռիվ» չենք անում։ Խնդիրը հետևյալն է, և ես վերահաստատում եմ, որ մենք ի սկզբանե հայտարարել ենք, որ մենք գնալու ենք մեր ընտրողի ամեն ձայնի հետևից»,- հայտարարել է Աբովյանը։
Կուսակցության պատգամավորության թեկնածու Էլինար Վարդանյանի փոխանցմամբ՝ «Բարգավաճ Հայաստանին» խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է ընդամենը 50-60 ձայն, և այդ հայտնաբերված 120 քվեն լիովին բավարար է, որպեսզի կուսակցությունը հայտնվի Ազգային ժողովում։ Վարդանյանը նաև հայտարարել է, որ կուսակցությունը պահանջել է վերահաշվարկ մի քանի ընտրատեղամասերում։
Աբովյանը, մեկնաբանելով ձայների հաշվարկը, նշել է, որ «Բարգավաճ Հայաստան»-ը սկզբից ի վեր քննարկում էր տարբեր սցենարներ։ Նա նաև քննադատել է հաղթելու մասին Նիկոլ Փաշինյանի պնդումը՝ քվեների 10%-ի հաշվարկից հետո, նշելով, որ սա հարցեր է առաջացնում քաղաքական գործընթացի վերաբերյալ։
Նա չի խոսել այն մասին, թե արդյոք կուսակցությունն ունի «Բ» պլան ձայների վերահաշվարկ չիրականացվելու և խորհրդարան չանցնելու դեպքում, ինչպես նաև վաղաժամ է համարել Փաշինյանի կառավարման պայմաններում իշխանափոխության հասնելու հնարավորության վերաբերյալ մեկնաբանությունները։
Երկուշաբթի օրը ավելի վաղ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրել էր վերանայված քվեարկության արդյունքները, որոնց համաձայն՝ Ծառուկյանի կուսակցությունը չի կարողացել հաղթահարել 4% շեմը՝ ստանալով 3.996%։ Կուսակցությանը մոտ 60 ձայն է պակասում խորհրդարան մտնելու համար։
Armenia Today
