ժամը 17։00-ի դրությամբ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 ահազանգ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Արձանագրվել է կրկնաքվեարկության 19, քվեարկության գաղտնիության խախտման 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 2, ընտրակաշառք տալու 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ»,– ասված է հայտարարությունում։
Բացի այդ, ըստ ՆԳՆ–ի, ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված ևս 198 տեղեկություններ ներկայում ստուգման փուլում են։ Ոստիկանությունն ուսումնասիրում է նաև մամուլում և սոցիալական հարթակներում տեղ գտած բոլոր հրապարակումները։
Նախարարությունը ներկայացրել է նաև փաստաթղթային և կազմակերպչական աջակցության վիճակագրությունը.
Լրացուցիչ ցուցակներ
Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար դիմել է 1650 անձ։
Անձը հաստատող փաստաթղթեր
Ընտրություններին մասնակցելու նպատակով համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) է ստացել 916 քաղաքացի։
Զանգեր և խորհրդատվություն
Ծառայության «Զանգերի կենտրոնում» (84-22) ստացվել է 820 զանգ, իսկ անձնագրային բաժիններում ու շրջիկ գրասենյակներում տեղում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու։
Հիշեցնենք, որ ՆԳՆ –ն ժամը 11։00-ի դրությամբ ստացել է 17 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։Մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Sputnik Արմենիա
