Ռուսաստանը Թուրքիայի հետ կապի մեջ է նախկինում մատակարարված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ «Hürriyet»-ի վերլուծաբանը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը բանակցում են Ս-400 հրթիռները Պարսից ծոցի երկրներից մեկին փոխանցելու համար։
«Մենք այս հարցի շուրջ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ և կշարունակենք շփումները», – ասել է Պեսկովը լրագրողներին, որոնք խնդրել են մեկնաբանել թուրքական ԶԼՄ–ներում հայտնված այն լուրը, թե Անկարան ռուսական Ս-400-ները վերավաճառել է ԱՄՆ–ի պատժամիջոցներից ազատվելու համար։
Կրեմլի ներկայացուցչին հարցրել են` արդյոք Անկարան Մոսկվային դիմել է թույլտվության հարցով, և եթե այո, ինչպես է արձագանքել Ռուսաստանը։
«Սա գերզգայուն թեմաներից է»,– ասել է Պեսկովը։
Ավելի վաղ «Hürriyet»–ը հայտնել էր, որ Անկարան իրավական լուծում է փնտրում, որը թույլ կտա վերացնել ամերիկյան պատժամիջոցների խոչընդոտները և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին: Քննարկվող տարբերակներից մեկը երրորդ երկրին Ս-400 համալիրների վաճառքն էր: «Oksijen» թերթը նույնպես գրել էր, որ ամենահավանական գնորդը ԱՄԷ-ն է։
Հուլիսի 7-8-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հուսով է, որ Անկարան կվերադառնա F-35 ծրագրին: Թրամփն իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Հիշեցնենք` Թուրքիան 2017-ին Ռուսաստանից 4 դիվիզիոն Ս-400 գնեց։ Պայմանագրի արժեքը կազմում էր 2,5 մլրդ դոլար: Գործարքից հետո Անկարան հեռացվեց ԱՄՆ–ի F-35 ծրագրից, իսկ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ–ի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) շրջանակում:
Sputnik Արմենիա
