Логотип

ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵԱՀԿ արդեն լուծարված Մինսկի խմբի համանախագահող երկրները մեղավոր են Արցախի առջև։ Ե՛վ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ը, և՛ Ֆրանսիան։ Համանախագահները չկարողացան իրագործել միջազգային հանրության կողմից իրենց տրված մանդատը, որով նախատեսվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդար կարգավորում:

ՖՐԱՆՍԻԱՑԻՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԷԻՆ ԱԼԻԵՎԻՆ ԵՐԿՆԱՅԻՆ ՊԱՏԻԺՆԵՐՈՎ, բայց չկարողացան կասեցնել Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, իսկ այսօր տնտեսական համագործակցություն են հաստատում Բաքվի հետ։ Վաշինգտոնը հայտարարում էր, թե չի հանդուրժի Արցախի էթնիկ զտում, բայց հանդուրժեց, իսկ այսօր դարձել է այն գործիքը, որի միջոցով Ադրբեջանը ճանապարհ է բացում դեպի Նախիջևան՝ Հայաստանի տարածքով: Մոսկվան չկարողացավ ապահովել 9.11.2020 թ. Եռակողմ հայտարարության լիարժեք և բառացի կատարումը Բաքվի ու Երևանի կողմից։

Բայց պատճառն այն չէր, թե ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները թույլ պետություններ են։ Պատճառը նախևառաջ այն էր, որ պաշտոնական Հայաստանը տրամադրված էր հրաժարվել Ղարաբաղից։ Ալիևի և Փաշինյանի առաջին իսկ բանակցություններում խոսքը վերաբերում էր զիջումների գնալու վերջինիս պատրաստակամությանը։ Հետո, ինչպես հիշում էր Բայրամովը, Փաշինյանն Ալիևին կասի, թե չի կարող զիջումների գնալ, որովհետև այդ դեպքում իրեն կսպանեն… Ահավասիկ Ալիևն էլ որոշեց օգնել Փաշինյանին, որ նրան չսպանեն: Ճիշտ է, սպանեցին մինչև հինգ հազար մարդու, բայց Փաշինյանը, իրոք որ, նրանց մեջ չէր։

Շատ ավելի մեծ մեղքը Հայաստանինն է՝ Արցախի անվտանգության գլխավոր երաշխավորինը, ինչն արձանագրված էր ներպետական փաստաթղթերում, ինչպեսև ճանաչված միջազգային հանրության կողմից։ Բայց Հայաստանը՝ հանձին Նիկոլ Փաշինյանի, դավաճանեց Արցախին։ Իսկ դավաճանությանը դեմ արտահայտվողները ոչինչ չկարողացան անել։

Այնուհետ Ալիևը պահանջեց Հայաստանի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ հանրապետության հյուսիսում։ Հենց պահանջեց. ինչպես վերջերս ասաց Ադրբեջանի նախագահը, այդ հարցի շուրջ ոչ մի երկխոսություն չի եղել։ Եղել է իր մենախոսությունը Փաշինյանի հասցեին։ Եվ Ալիևը դրվատեց Փաշինյանին. վերջինիս խելքը բավականացրել է Բաքվին համբերությունից չհանելու համար…

Այսօր Փաշինյանը շարունակում է «ղարաբաղյան հարցի» զրոյացմանն ուղղված քաղաքականությունը, բայց ընդ որում ձգտում է բարդել պատասխանատվությունը ողջ հայ ժողովրդի վրա։ Իբր, ես՝ ի՞նչ, եթե չեք ուզում փակել Ղարաբաղի հարցը՝ հեղափոխություն արեք։ Եթե չեք անում, ուրեմն համաձայն եք ինձ հետ։

Հայաստանի պատնության մեջ սա եզակի դեպք է։ Հայ քաղաքական մտքի բոլոր առաջնորդները այս կամ այն մեկնաբանությամբ բարձրացնում էին «հայկական հարցը»։ Բարձրացնում էին և հասան Ռուսական կայսրության կազմի մեջ մտնող տարածքներում անկախ Հայաստանի ստեղծմանը։

Փաշինյանի «հանճարը» վարում է ճիշտ հակառակ քաղաքականություն. փակում է Հայկական հարցը։ Հետևողականորեն, քայլ առ քայլ: Հրաժարվել է Ցեղասպանության փաստի միջազգային ճանաչման հետամտման քաղաքականությունից, փակում է Ղարաբաղյան շարժումը։ Եվ ըստ որում ասում է, թե չարին օժանդակելու նման քաղաքականություն իրեն ուսուցանում է հայ ժողովրդի պատմությունը։ Հետաքրքիր է, այդ ի՞նչ պատմություն է նա կարդում:

ԱԿՆՀԱՅՏՈՐԵՆ՝ ՈՉ ԱՅՆ, ՈՐՏԵՂ ՊԱՏՄՎՈՒՄ Է ԹԵ ՔԱՆԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԻ ՋԱՆՔԵՐԻ և ում աջակցության շնորհիվ է ստեղծվել անկախ Հայաստանը, իսկ հետո նաև՝ չճանաչված, բայց անկախ Արցախը։ Այն Արցախը, որի թեկուզ լոկ պաշտոնական, բայց պահպանվող սուբյեկտայնության մնացորդները Երևանի իշխանություններն այսօր գերեզման են մտցնում՝ ամեն կերպ խոչընդոտելով Արցախի ժողովրդի շահերը ներկայացնելու կոչված ինստիտուտների գործունեությանը։ Այս մասին վերջերբ հայտարարեց Արցախի խորհրդարանի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ մեկնաբանելով Արցախի խորհրդարանի հետ կապված իրավիճակը, որի աշխատանքը հաջողությամբ կաթվածահար է արված իշխանությունների ձեռքով։

Այսօր Արցախի շահերը, Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը փաստացի ներկայացնում են ոչ թե պաշտոնական Երևանը, այլ Բաքվում պատանդառված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները… Բաքվից հղած իրենց վերջին ուղերձներում և՛ Դավիթ Իշխանյանը, և՛ Դավիթ Մանուկյանը շեշտում են, որ Բաքվում փաստացի դատում են ամբողջ Հայաստանն ու Արցախը, իսկ այդ ստին դիմակայելու հայ ռազմագերի-պատանդների ջանքերը դատապարտված են, քանզի պաշտոնական Երևանի կողմից որևէ աջակցություն չկա. դավաճանությունը շարունակվում է: