USD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°CUSD 366.20 ֏ EUR 416.96 ֏ RUB 4.61 ֏ 🌤️ Երևան 29°C

Логотип

«ԶՎԱՐԹՆՈՑԻ» ՀԻՆ ՇԵՆՔՆ ԱՅՍՕՐ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՎԵՐԱՇԱՀԱԳՈՐԾԵԼ. ԻՆՉ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի գլխին կուտակված ամպերը ոչ թե օդանավակայանի կոնցեսիոն կառավարիչի, այլ ՀՀ կառավարության սխալ քաղաքականության հետևանք են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ճարտարապետ, քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը։

ՀՀ ՏԿԵ նախարարությունն առաջարկում է հանել «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակից` այդկերպ դադարեցնելով դրա պահպանության իրավական կարգավիճակը։

Հանրային մակարդակում բարձրացած աղմուկին ի պատասխան կառավարությունը վստահեցրել է, որ շենքի ապամոնտաժման հարց չի քննարկում։ Մինչդեռ, իրականում հարցը ներառված է օդանավակայանի կոնցեսիոն կառավարումը երկարացնելու պայմանագրում, որին գործադիրը հավանություն է տվել ս.թ. հունվարի 22-ին ընդունած որոշմամբ։ 425 մլն դոլարի ներդրումային այդ ծրագրով մինչև 2033թ–ը նախատեսվում է վերանորոգել և նոր նշանակությամբ օգտագործել մասնաշենքը։ Մասնագիտական հանրությունը, սակայն, որոշ մտահոգություններ ունի պատմական ու ճարտարապետական արժեք ներկայացնող շենքի հետագա ճակատագրի վերաբերյալ։

«Պետք է ամեն ինչ անել, որ շենքը պահպանվի։ Պետությունը ժամանակին սխալ որոշումների շարք է ընդունել, մոտ 10 տարի ձգձգել է օդանավակայանի ընդլայնման մաստեր պլանը, որը Էդուարդո Էռնեկյանի («Զվարթնոցի» կոնսեցիոն կառավարիչ) ընկերությունը ներկայացրել էր։ Այդ ընթացքում հնարավոր էր բազմաթիվ այլընտրանքային տարբերակներ քննարկել։ Ես` ինքս, սրանից 10 տարի առաջ այլընտրանքային առաջարկ ներկայացրել եմ հանրայնորեն։ Բայց պետությունը պահել է, մինչև որ այսօրվա վիճակին է հասել։ Քանի որ հույս չունեմ, որ պետությունը հուշարձանին միտված որոշում կկայացնի, լավատես չեմ, թե կպահպանվի «Զվարթնոցի» կլոր համալիրը»,– ասում է ճարտարապետը։

Սարհատ Պետրոսյանի համոզմամբ` շենքը հնարավոր է ոչ միայն պահպանել, այլև ներառել օդանավակայանի ժամանակակից համալիրի մեջ` օգտագործելով դրա լայն հնարավորությունները` այնպես, ինչպես 3 տարի առաջ Նյու Յորքի Քենեդիի օդանավակայանի հին համալիրը, որը շատ նման է «Զվարթնոցի» կլոր համալիրին։ Այն հիմնանորոգվեց ու այսօր ոչ միայն պահպանվում է որպես մոդեռնիստական ժառանգություն, այլև գործնականում օգտագործվում։

«Զվարթնոցի» հին շենքը կառուցվել է 1961-1970թթ–ին` ճարտարապետներ Լևոն Չերքեզյանի, Սպարտակ Խաչիկյանի, Արթուր Թարխանյանի, Ժորժ Շեխլյանի հեղինակած նախագծով։

«Արթուր Թարխանյան» կենտրոնը ևս օրերս հայտարարություն էր տարածել և խստորեն դատապարտել ՀՀ կառավարության նախաձեռնությունը` կոչ անելով վերանայել օդանավակայանի զարգացման մաստեր պլանը և պահպանել հին մասնաշենքը՝ որպես հայկական ճարտարապետական և մշակութային ժառանգության արժեքավոր նմուշ։

«Արթուր Թարխանյան» կենտրոնի ղեկավար, անվանի ճարտարապետի դուստր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշում է, որ օդանավակայանի կոնցեսիոները խնդիր ունի մեծացնել տարածքը, սպասարկման նոր մասնաշենքեր կառուցել, ուստի և որոշել է քանդել հին շենքը` տարածքը օգտագործելու համար։

«Մենք գտնում ենք, որ դա լուծում չէ, որովհետև շինարարության, շահագործման հանձնելու ժամկետներն այդ դեպքում կրկնակի, եռակի երկարելու են, ներդրումային գումարները` մեծանալու, և ամենակարևորը` քանդվելու է Հայաստանի համար և միջազգային ատյանների տեսակետից պատմամշակութային մեծ արժեք ունեցող «Զվարթնոց» օդանավակայանի շենքը։ Որպես հայկական մոդեռնիզմի թանգարանի հիմնադիր, ես գտնում եմ, որ «Զվարթնոց» օդանավակայանի շենքը քանդելն անընդունելի է և պետք է գտնել լուծումներ, որտեղ այդ շենքը կարելի է վերաշահագործել»,– ասում է ճարտարապետը։

Թարխանյանի համոզմամբ էլ օդանավակայանի հին շենքն այսօր հնարավոր է վերաշահագործել` 6 գործող գծերից (gate) բացի ստանալով լրացուցիչ ևս 4 գիծ։ Նրա տեղեկությամբ` «Զվարթնոցի» 4 հին գծերն այսօր չեն օգտագործվում, որովհետև կոնցեսիոները փակել է դրանց մուտքը։ Բայց, եթե դրանք վերաբացվեն, «Զվարթնոցը» կստանա 10 գեյթով աշխատող ժամանակակից, պրոգրեսիվ ճարտարապետական լուծումներով օդանավակայան` տարեկան մինչև 10 մլն ուղևոր թողունակությամբ։

Անահիտ Թարխանյանն արձանագրում է` վերականգնման ծրագիրը ՀՀ իշխանություններին ներկայացրել են 2005-06թթ–ից սկսած, բայց դրական պատասխան չեն ստացել։

Այսօր էլ նամակներ են ուղարկել պատկան կառույցներին` մասնագետների, պետական մարմինների և կոնցեսիոների ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողով ստեղծելու առաջարկով։ Կրկին պատասխան առայժմ չեն ստացել։

Կարծիքը, թե շենքը վթարային է և կարող է ամեն պահի քանդվել, Թարխանյանը «սուտ» է որակում` ասելով. «Շենքը երբեք չի եղել վթարային վիճակում, դա առաջին օրվանից ներկայացվող մի հեքիաթ է։ Օդանավակայանը խորհրդային տարիներին թիվ 1 ստրատեգիական կարևորության օբյեկտ էր, որի շինարարությունը խիստ հսկվում էր բոլոր ատյանների կողմից։ Շատ խիստ նայում էին թե՛ բետոնի, թե՛ երկաթի որակը, թե՛ հաշվարկները` ինչպես է շենքը նախագծվել և կառուցվում։ Դրա սեյսմակայունությունը շատ ավելի մեծ էր, քան մնացած բոլոր շենքերինը, որոնք կառուցվում էին Հայաստանում։ Այն կառուցվել է 9+ բալի հաշվարկով` այնպես, ինչպես կառուցվում էին ատոմակայանները, տիեզերական կայանների շենքերը»,– նշում է ճարտարապետը։

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը հայկական ժամանակակից ճարտարապետության լավագույն նմուշներից մեկն է, որը լայն ճանաչում է ստացել միջազգային հանրության շրջանում։ Շենքի եզակի ճարտարապետությունը գրավել է ֆիլմարտադրողներին։ Եզակի կառույցի մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել։

Այսօր աշխարհում պահպանվել են ընդամենը յոթ նմանատիպ օդանավակայաններ, որոնք գտնվում են պետության հոգածության ներքո՝ որպես ճարտարապետական և մշակութային ժառանգության կարևոր նմուշներ, նույնիսկ եթե գործնականում այլևս չեն շահագործվում։

Sputnik Արմենիա