ՌԵԺԻՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՄԱՍ-ՄԱՍ ՀԱՆՁՆԵԼ ԵՐԿԻՐԸ
Ուղիղ 3 տարի առաջ՝ 2021թ.նոյեմբերի 11-ին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նկատառումներ հնչեցրեց Գորիս-Կապան ճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածում ադրբեջանցիների մաքսակետի բացման վերաբերյալ։ Մեջբերենք նրա խոսքը բառացի, քանզի այն առանցքային օղակ դարձավ իշխանությունների կողմից հայկական տարածքների հանձնման գործընթացում։ «Ադրբեջանական կողմը մեզ դեռ ամբողջապես չի տեղեկացրել՝ ինչ է դա ենթադրում, բայց տրամաբանությունը կարող է ենթադրել որոշակի վճարների գանձում ճանապարհից օգտվելու համար, բնականաբար նաև՝ անձնագրերի ստուգում»։ 3 տարի առաջ ռեժիմի վերնաշերտը ձևացնում էր, թե ոչինչ չգիտի Ադրբեջանի ծրագրերի մասին։ Անմիջապես սկսեցին ասել, թե Երևանի և Բաքվի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, հետևաբար ՀՀ քաղաքացիները չեն կարող իրենց անձնագրերով հատել սահմանը և այլն։