ԱՐԿԱԾԱԽՆԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Հանդիպումներ են տեղի ունեցել ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են մետրոպոլիտենի նոր կայանների կառուցման և էլեկտրական ավտոբուսների ներկրման ֆինանսավորման հարցերը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի նախկին փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Տիգրան Ավինյանը, որին իշխանությունները մտադիր են առաջադրել Երևանի քաղաքապետի պաշտոնում 2023 թվականի մայրաքաղաքային ընտրություններում։ Նա, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ հայտնել, որ առաջիկայում մայրաքաղաքում սպասվող լայնածավալ ծրագրերի շարքում են ոչ միայն նախկինում հայտարարված Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը, այլև ևս մեկ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առևտրային կենտրոնի հարևանությամբ և 250 նոր էլեկտրական ավտոբուսների ձեռքբերումը»: