ԵՐԵՎԱԿԱՅԱԿԱՆ ԳԾԵՐ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Al Jazeera հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչպիսին են ՀՀ մոտեցումներն ու դիրքորոշումն այն միջանցքի վերաբերյալ, որը, ենթադրաբար, պետք է կապի Ադրբեջանh ու Թուրքիան Հայաստանի տարածքի միջով, հաղորդում է ԱՌԿԱ-ն: «Մեզ համար անընդունելի են այսպես կոչված միջանցքի մասին ձևակերպումները, և դա մեզ համար կարմիր գիծ է, քանի որ մեր տարածաշրջանում, համաձայն եռակողմ հայտարարության (2020թ.նոյեմբերի 9-խմբ.), մենք ունենք մեկ միջանցք, և դա Լաչինի միջանցքն է, որը կապում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին»,- հայտարարել է նա: Փաշինյանը նշել է, որ այդ նույն հայտարարության մեջ կա նաև մեկ այլ դրույթ հաղորդակցության բացման մասին։ «Նկատի ունեմ երկաթուղիներ, ճանապարհներ, և մենք պատրաստ ենք, իրականում արդեն քննարկում ենք տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը՝ երկուստեք ինքնիշխանության և սահմանների անքակտելիության հարգանքի սկզբունքով»,- ընդգծել է նա: