ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՄՈՏ 3 ԱՆԳԱՄ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՀԱՅ Է ԱՊՐԵԼ, ՔԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ՝ ԱԴՐԲԵՋԱՆՑԻ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է Հայաստանի հետ բանակցությունների օրակարգ մտցնել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Դեկտեմբերի 5-ին Բաքվում անցկացվել էր միջազգային համաժողով՝ Հայաստանից իբրև թե արտաքսված ադրբեջանցիների վերադարձի իրավունքի թեմայով։ Մասնակիցներին ուղղված ուղերձում Ալիևը մի քանի անգամ Հայաստանի տարածքը հերթական անգամ իրենց «պատմական հողեր» էր կոչել և պահանջել Հայաստանի ղեկավարությունից պաշտոնապես բանակցություններ սկսել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» հետ՝ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու իրավունքի հարցով։ Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման պահանջը լիովին անհիմն է՝ վիճակագրական տվյալներում խորանալու պարագայում Բաքվին ոչ ձեռնտու փաստեր են ի հայտ գալիս։ News.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման տեսանկետ է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանը։