Логотип

Դավիթ ԻՇԽԱՆՅԱՆ․ «ԵԹԵ ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԱՆՈՒՄ, Ի՞ՆՉ ԵՔ ՈՒԶՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻՑ» ԱՈՒԴԻՈ)

Պաշտպանության կողմին մինչ օրս չեն փոխանցել ոչ մեղադրական ակտը, ոչ եզրակացությունը, ոչ էլ դատավճիռը։ Այս մասին ասվում է ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի խորհրդարանի նախկին խոսնակ Դավիթ Իշխանյանի ուղերձում։

«Միայն գերիների պահանջներից հետո դատավորը թույլ տվեց փաստաբաններին ծանոթանալ փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակներին։ Գերի ընկած հայերը ներկայացնում են իրենց բողոքները, սակայն արդեն տեղեկություն է հայտնվել, որ Ադրբեջանի Գերագույն դատարանը կմերժի դրանք»,- նշել է նա՝ հասկացնելով, որ այս բոլոր ընթացակարգերը զուտ ձևական բնույթ ունեն, և առաջին ատյանի դատարանի որոշման որևէ փոփոխության մասին խոսք լինել չի կարող։

Իշխանյանը հայտնել է, որ գերիները, այնուամենայնիվ, դիմել են վերաքննիչ դատարան, քանի որ դա քայլ է դեպի միջազգային դատական ատյաններ դիմելու ճանապարհին։

Նրա խոսքով՝ որոշ փաստաբաններ նույնիսկ դատարանում մտահոգություն են հայտնում այն կապակցությամբ, որ միջազգային դատարանների արդյունքները կարող են ծանր հետևանքներ ունենալ Ադրբեջանի համար, և որ նրանք ռիսկ ունեն պարտվելու։

Իշխանյանը կրկնել է, որ իրենց նկատմամբ դատավարությունը քաղաքական բնույթ է կրում, նիստերն անցկացվում են քաղաքական պատվերով, առնչություն չունեն քրեական հանցագործությունների հետ, այլ հիմնված են էթնիկ և ազգային ատելության վրա։

Իշխանյանը հավելել է, որ առաջին ատյանի դատարանը տեղի է ունեցել ադրբեջանական օրենսդրության և միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով, իսկ դատավճիռն ընդունվել է առանց կոնկրետ ապացույցների և փաստերի, գործը սպիտակ թելով կարված է։

«Օրինակ՝ 1993 թվականին ծնված անձին վերագրում են մեղադրանքներ 1994 թվականի պատերազմի դրվագներով»,- ընդգծել է նա՝ կրկնելով, որ սա դատ է Հայաստանի և հայ ժողովրդի դեմ՝ հեռուն գնացող ծրագրերով։

Նա անդրադարձել է հայ գերիների ազատ արձակման հարցում Հայաստանի իշխանությունների անգործությանը։ «Ադրբեջանցիներն էլ մեզ երեսով են տալիս՝ ասելով, թե եթե ձեր իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում և շահագրգռվածություն չեն ցուցաբերում ձեր վերադարձի հարցում, ապա ինչո՞ւ եք սպասում միջազգային դատական ատյաններից», — նշում է Իշխանյանը։

News.am