Հայաստանում նախընտրական քարոզարշավն անազնիվ է տարվում, և քվեարկության միջոցով իշխանափոխության հարցը չի լուծվի։ Մոսկվայում Լազարևյան ակումբի արտակարգ նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը։
«Եթե նորմալ ընտրություններ լինեին, Նիկոլ Փաշինյանը կպարտվեր, որովհետև քվեների քանակը, որ կստանա ընդդիմությունը, շատ ավելի մեծ է, քան այն, որ կստանա ընդդիմությունը», – ասել է նա:
Այնինչ, քաղաքական գործչի կարծիքով, արդեն իսկ նախընտրական քարոզարշավն անազնիվ է տարվում։ Նրա խոսքով՝ կալանավորվել են հարյուրավոր մարդիկ, գործի է դրվել ողջ վարչական ռեսուրսը։
«Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ մարդիկ գնան, ինչ-որ թղթեր գցեն արկղերի մեջ, և Նիկոլ Փաշինյանն ասի՝ ես պարտվել եմ, որից հետո հեռանա», – նկատում է Մանուկյանը:
Նա կարծում է, որ նման սցենար հանրապետությունում հնարավոր չէ։
«Չի՛ լինի նման բան։ Այսինքն՝ Հայաստանում կլինի իշխանության համար պայքար։ Եվ այդ պայքարը կտանի իշխանությունը։ Սա պետք է հասկանալ։ Քվեարկությամբ այս հարցը չի լուծվի, թեև քվեարկության արդյունքները ընդդիմության օգտին կլինեն», – համոզված է նախկին վարչապետը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
