Փաշինյանի թիմը ընտրություններում հաղթեց, բայց ակնհայտորեն զիջեց իր դիրքերը, իսկ ընդդիմությունը պարտվեց ընտրություններում, բայց ուժեղացրեց դիրքերը։ Պարզ թվաբանություն. մեկ բան է 34 ընդդիմադիր հեռացող ԱԺ-ում՝ 71-ի դեմ, այլ բան՝ հավանական 44 ընդդիմադիր՝ 61-ի դիմաց…
ՍԱ ԿԱՐԵՎՈՐ Է, ԵԹԵ ՀԻՇԵՆՔ, ՈՐ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԱՆՊԱՏԱԿ ՉԷ։ Նպատակն այն է, որ իշխանափոխությամբ ձախողվեն Փաշինյանի ծրագրերը՝ Բաքվի և Անկարայի պահանջներին մշտական զիջումներով ներկառուցելու Հայաստանը թուրքական պետությունների համակարգում՝ ի հաճույս Եվրոպայի և ԱՄՆ-ի, որոնք կողջունեն այդ գործընթացը որպես էական քայլ տարածաշրջանում Ռուսաստանի դիրքերի թուլացման ճանապարհին։ Եվ եթե իշխանափոխություն առայժմ չհաջողվեց, ապա Փաշինյանի ծրագրերը ձախողելու նպատակն արդիական է և ոտքի տակ ավելի ամուր հող ունի, քան նախկինում։
Եթե ընտրությունների արդյունքներին նայում ենք այս տեսանկյունից, ապա, այո, ընդդիմությունը չլուծեց առավելագույնը խնդիրը, չխլեց իշխանությունը Փաշինյանից, բայց թուլացրեց նրա դիրքերը, հետևաբար՝ նրա ծրագրերի իրականացման հնարավորությունները. սկսած Ալիևի պահանջով Սահմանադրության փոփոխումից։
Փաշինյանը, չհավաքելով ձայների 50%, չնայած նաև իր արտաքին հովանավորների ահռելի աջակցությանը, թուլացրեց իր դիրքերը, խայտառակվեց ոչ միայն իր ընտրողների, այլև Եվրոպայի առջև, որը գիտի, թե ինչ գնով են Փաշինյանին բաժին հասել մանդատները. վարչական ռեսուրս, ուժային տեռոր, Հանրային հեռուստատեսության օգտագործում որպես իր քարոզչական ռեսուրսի։ Այս ամենը արձանագրվել է նաև եվրոպացի դիտորդների կողմից, ընդդիմության աշխատանքն իր պտուղները տվեց նաև այդ հարցում։ Եվրոպացի դիտորդները փաստացի արձանագրել են քարոզչության անհավասար հնարավորությունները։ Ուրեմն ընտրությունների արդյունքների ի՞նչ արդարության մասին կարելի է խոսել։
Փաշինյանը խայտառակվեց նաև իր թիմի առջև, որը բոլորից լավ գիտի, թե ինչ գնով էր իր առաջնորդը կորզում տոկոսները, և ինչպես է հիմա փորձում տապալել ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան։ Իբր, Ծառուկյանի դեմ հերթական գործ հարուցելու հարցով գլխավոր դատախազությունը չի դիմել ԿԸՀ-ին, քանի որ գործը հարուցվել է, պարզվում է, շատ վաղուց՝ 2019-ին… Բայց ա՜յ քեզ տարօրինակ բան. Ծառուկյանն այդ մասին իմացավ միայն հիմա:
Փաշինյանի նյարդայնությունը հասկանալի է։ ԲՀԿ-ի խորհրդարան անցնելը զրկում է նրան բազմաթիվ ուղղություններով միակողմանի որոշումներ կայացնելու հնարավորությունից։ Չենք խոսում արդեն այն մասին, որ նա մի առիթով ասել է, որ հրաժարական կտա, եթե դա պահանջեն 300-500 հազար ընտրողներ…
Ի՞նչ պետք է անի ընդդիմությունը։ Նախ՝ գործի համախմբված, «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի» սկզբունքով։ Այսօր դա նշանակում է խափանել խորհրդարան ԲՀԿ-ի մուտքը խոչընդոտելու Փաշինյանի ծրագրերը։
ՄԱՆԴԱՏՆԵՐԻ ՀԱՐՑԸ. ԴՐԱՆՑԻՑ ՀՐԱԺԱՐՎԵԼԸ ԵՐԲԵՔ ՈՒՇ ՉԷ։ Այլ հարց է, թե որքանով է դա իրատեսական ընդդիմադիր ուժերի ցուցակներով պատգամավորության հարյուրավոր թեկնածուների պարագայում… Ցուցանշական է, որ նրանք, ովքեր ակտիվորեն քարոզում են մանդատներից ընդդիմության հրաժարման օգտին, հիմնավորում են նաև, որ արդեն խորհրդարանում Փաշինյանը կարող է իր կողմը գրավել մի շարք ընդդիմադիրների՝ Գեղամ Նազարյանի տխրահռչակ օրինակով, և այդպիսով «Քաղաքացիական պայմանագիրը» կստանա սահմանադրական բաղձալի մեծամասնությունը… Բայց ընդ որում նրանք, ովքեր ընդդիմության համար այդչափ նվաստացուցիչ փաստարկ են բերում, չգիտես ինչու չեն ասում, որ նման տրամաբանության պարագայում Փաշինյանի համար շատ ավելի հեշտ կլինի իր կողմը գրավել ընդդիմության հարյուրավոր թեկնածուներից ինչ-որ մեկին, եթե մանդատներից հրաժարվելու որոշում կայացվի…
Կարճ ասած, մանդատներից հրաժարվելը ընդդիմադիր պատգամավորների ավելի մեծ թվաքանակի և իշխանությունների անմաքուր գործելակերպի պայմաններում գրեթե անիրատեսական է, հետևաբար՝ քննարկելու բան էլ չկա։ Եվ կրկին ընդգծենք, որ մանդատներից հրաժարվել միշտ էլ կարելի է, այդ թվում՝ նաև այն ժամանակ, երբ տարընթերցումներ չեն լինի այն հարցի պատասխաններում, թե դա իրավական ինչ հետևանքների դա կարող է հանգեցնել։
Մանդատները վերցնել՝ չի նշանակում ընդունել ընտրությունների արդյունքները։ Համախմբված ընդդիմությունը պետք է հստակ հայտարարի, որ խորհրդարան է գնում Անկարային ու Բաքվին զիջումների Փաշինյանի ծրագրերը խափանելու և մեկ մարդու բռնապետության Հայաստանի վերջնական վարածումը կանխելու նպատակով, բայց միևնույն ժամանակ չի ճանաչում ընտրությունների արդյունքները որպես արդար և ընտրողի կամքն արտահայտող։ Ընդդիմությունը հավասար հնարավորություններ չի ունեցել ընդդիմադիրների նկատմամբ ուժային կառույցների տոտալ տեռորի և ընտրողների կամարտահայտության վրա ազդելու նպատակով իշխանությունների վարչական ռեսուրսի համատարած կիրառման պատճառով։ Այս փաստը պետք է հասցվի արտաքին բոլոր դերակատարներին և կառույցներին։
Հետո ավելի հեշտ կլինի: Խորհրդարանում ընդդիմության խնդիրն է մշտապես օրակարգում պահել արտահերթ ընտրությունների պահանջը և Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը։ Առիթները (բացի արդեն առկաներից) առավել քան շատ կլինեն:
Եվ, համաձայնեք, երբ ընդդիմությունը խորհրդարանում ունենա 44 պատգամավոր, 34-ի փոխարեն, ինչպես նախորդ գումարման խորհրդարանի աշխատանքի վերջում, իմպիչմենտի սպառնալիքը կյանքի կոչվելու ավելի մեծ հնարավորություն կունենա։
Փաշինյանը ճնշում է գործադրելու ընդդիմադիր պատգամավորների վրա. Դե ինչ, ընդդիմությունը պետք է համարժեք պատասխան տա, փորձի իր կողմը գրավել իշխանական կուսակցության պատգամավորներին։ Այստեղ որոշիչ կդառնա փողոցի գործոնը, և ընդդիմությունն ունի դրանից օգտվելու բոլոր հնարավորությունները, առանց ձգձգելու։ Մասնավորապես, այսօր փողոցը կարող է իր խոսքն ասել ԲՀԿ-ի մանդատների հարցում։
Եվ էլի մի բան։ Եթե ընդդիմությունը հստակ հասկանում է, որ խաղաքարտին Հայաստանի ապագան է, և հիշում է իր նպատակը՝ Փաշինյանի ծրագրերի ձախողումը, ապա… Ինչո՞ւ Ռոբերտ Քոչարյանը և Գագիկ Ծառուկյանը չվերցնեն պատգամավորական մանդատները։
