Ուտելիքի մասին անդադար, կպչուն մտքերը, նույնիսկ երբ մարդը ֆիզիկական սովի զգացում չունի, մասնագետներն սկսել են ավելի հաճախ անվանել «սննդային աղմուկ»։ Այս մասին գրում է The Conversation հարթակը։
Թեև ինքնին հասկացությունը համեմատաբար նոր է և դեռևս ներառված չէ պաշտոնական բժշկական ախտորոշումների շարքում, փորձագետները կարծում են, որ այն օգնում է հստակ նկարագրել մի վիճակ, որին բախվում են շատերը, հատկապես նրանք, ովքեր փորձում են վերահսկել սեփական քաշը։
«Սննդային աղմուկ» ունեցող մարդուն հաջորդ ուտելիքի մասին մտքերը կարող են գրեթե երբեք չանհետանալ, իսկ սննդի տեսքը, գովազդը կամ սուպերմարկետի դարակները մշտապես գրավում են նրա ուշադրությունը։ Նման վիճակը կարող է հանգեցնել հուզական հյուծման և խանգարել առօրյա կյանքին։
Այդուհանդերձ, հետազոտողներն ընդգծում են, որ ուտելիքի մասին ցանկացած միտք չէ, որ խնդիր է: Սովի կամ հագեցածության զգացումը, սիրելի ուտեստը վայելելու ցանկությունը կամ սննդից ստացած հաճույքը ախորժակի կարգավորման համակարգի բնական աշխատանքի մասն են։ Անհանգստության տեղիք է տալիս միայն այն իրավիճակը, երբ այդ մտքերը դառնում են կպչուն, տագնապալի և սկսում են խանգարել կենտրոնացմանը, աշխատանքին կամ մարդկանց հետ շփմանը։
Գիտնականները պարզաբանում են, որ «սննդային աղմուկը» չունի մեկ կոնկրետ պատճառ. տարբեր մարդկանց մոտ այն կարող է պայմանավորված լինել տարբեր գործոններով։ Ոմանց պարագայում դա սովորական սովն է՝ սննդի ընդունումը բաց թողնելուց հետո, մյուսների մոտ՝ սթրեսի կամ հոգնածության պատճառով որոշակի մթերքներ ուտելու պահանջը, իսկ ոմանց մոտ էլ՝ սննդի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու զգացողությունը կամ սննդային վարքագծի խանգարման ախտանիշներ հիշեցնող կպչուն մտքերը։
Հետազոտությունները ցույց են տալիս, որ նման վիճակները կարող են մեծացնել չափից շատ ուտելու, սննդի անվերահսկելի ընդունման դրվագների հավանականությունը և խորացնել հոգեբանական անհանգստությունը։
Մասնագետներն առանձնակի ուշադրություն են դարձնում ԳՊՀ-1 (գլյուկագոնանման պեպտիդ-1) ընկալիչների ագոնիստների խմբի դեղամիջոցներին, ինչպիսիք են սեմագլուտիդը և տիրզեպատիդը։ Դրանք ոչ միայն նվազեցնում են սովի զգացումն ու ուժեղացնում հագեցվածությունը, այլև, ինչպես փաստում են շատ պացիենտներ, նկատելիորեն թուլացնում են «սննդային աղմուկը»։ Մարդիկ դա նկարագրում են որպես ուտելիքի մասին մշտական մտքերի անհետացում և սննդի հոգեբանական կարևորության նվազում։
Միևնույն ժամանակ, փորձագետները զգուշացնում են, որ բուժման նպատակը ախորժակի ամբողջական կորուստը չէ։ Սովը օրգանիզմի բնական կենսաբանական ազդանշանն է, իսկ սննդի նկատմամբ հետաքրքրությունը՝ կյանքի, մշակույթի և շփման նորմալ մասը։
Հոդվածի հեղինակները նշում են, որ «սննդային աղմուկի» արտահայտվածությունը նվազեցնելուն օգնում են ոչ միայն դեղամիջոցները։ Օգտակար է սովորել տարբերակել իրական սովը հուզական ցանկություններից, սահմանափակել գրգռող գործոնների ազդեցությունը (օրինակ՝ աչքի առաջ անընդհատ գտնվող քաղցրավենիքը), ուշադրություն դարձնել սթրեսին ու հոգնածությանը, ինչպես նաև կանոնավոր կերպով զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ։
Իսկ եթե ուտելիքի մասին կպչուն մտքերն ուղեկցվում են տագնապով, մեղքի զգացումով, սննդի նկատմամբ վերահսկողության կորստով կամ լրջորեն խաթարում են առօրյա կյանքը, ապա մասնագետները խորհուրդ են տալիս դիմել բժշկի, դիետոլոգի կամ հոգեբանի՝ օգնության ամենահամապատասխան տարբերակն ընտրելու համար։
