Արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանձնարարել է ծառայողական քննություն անցկացնել այն տեղեկության առնչությամբ, ըստ որի՝ Ապարան համայնքի ուսուցիչներին և աշակերտներին դասաժամերին բերել են երկրում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավին:
«Ոչ մի խախտում չի կարող մնալ առանց հետևանքների։ Ես հանձնարարել եմ, նշանակվել է ծառայողական քննություն։ Ես վաղը ճեպազրույց կհրավիրեմ և կպատասխանեմ հարցերին»,- հայտարարել է նա «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության թղթակցին։
Ավելի վաղ NEWS.am-ի թղթակիցը պարզել էր, որ Ապարան համայնքի դպրոցների, մասնավորապես՝ Արագած, Քուչակ և Բերքառատ գյուղերի ուսուցիչներն ու աշակերտները դասերի ժամանակ մասնակցել են Հայաստանում իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավին։ Ուսուցչուհիներից մեկը՝ Վարդիթեր Գրիգորյանը, նույնպես հայտնել էր, որ Բերքառատ գյուղի դպրոցի ուսուցիչներին բերել են «Գազել» մակնիշի մեքենաներով։
Ավելի վաղ Փաշինյանն անպատասխան էր թողել NEWS.am-ի թղթակցի հարցն այն մասին, թե արդյոք նա բնականոն է համարում այդ երևույթը։
