Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ասաց, որ դեռ երկար ենք հիշելու Կիրանցի հաղթանակները: Իրավացի է նա, թե ոչ, ցույց կտա մոտ ապագան։ Առայժմ կարելի է խոսել միայն մեկ հաղթանակի մասին։ Կիրանցը փողոց դուրս բերեց տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց՝ ի պաշտպանություն սահմանամերձ հայկական գյուղի, որի տարածքների մի մասն ինչ-որ անհասկանալի քարտեզով իշխանությունները մտադիր են առաջիկայում հանձնել Ադրբեջանին: Հանուն նրա, որ յոթ օր, ըստ Նիկոլի, ապրենք առանց պատերազմի, իսկ թե ինչ կլինի 8-րդ օրը, ոչ ոք ոչինչ չի կարող երաշխավորել։
Թե կունենա արդյոք Կիրանցն այլ հաղթանակներ, որոնք իսկապես ոսկե տառերով կգրեն գյուղի անունը հայոց պատմության մեջ, Երևանում լուծվելիք հարց է: Կա՛մ Կիրանցը կդառնա Հայաստանի վերածննդի խորհրդանիշը, կա՛մ այն գործընթացի մեկնարկի, որի արդյունքը կլինի հայոց անկախ պետականության կորուստը, վերածումը Թուրքիայի և Ադրբեջանի պրոտեկտորատի: