Երեկ մշակույթի գործիչները հանդիպել էին «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար, գործարար Սամվել Կարապետյանին։
Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը, ով ներկա է եղել հանդիպման, շատ տպավորված է։
«Հրավիրել էին մի խումբ մտավորականների, ես այս ազգի մտավորականն եմ։ Ինձ հետաքրքիր էր, կյանքում իրեն դեմ առ դեմ չէի հանդիպել, առաջին անգամ տեսա, այդ մարդու հետ ձեռք չէի սեղմել։ Մինչ այդ էլ Ռոբերտ Քոչարյանն էր հրավիրել։ Ես այդ հանդիպմանն էլ եմ մասնակցել։ Իմ երկրի ճակատագիրն ինձ հետաքրքիր է։ Վաղը Գագիկ Ծառուկյանն էլ հրավիրի, անպայման կգնամ։ Այս մարդիկ ունեն հնարավորություն շեմը հաղթահարելու, խորհրդարանում բարձր տոկոսներ հավաքելու։ Ինձ հետաքրքիր է, թե ինչ են իրենք մտածում։ Ես իրենց հարցեր ունեի տալու, սիրով գնացի, շատ հետաքրքիր անցավ», – Aysor.am-ի հետ զրույցում ասաց նա։
Հարցին՝ համաձա՞յն է այն կարծիքներին, թե մտավորականը չպետք է խառնվի քաղաքականությանը՝ ի պատասխան Տեր-Գուլանյանը զարմացավ.
«Ի՞նչ է դա նշանակում, մտավորականը քաղաքացի՞ չի։ Իրենք, ուրեմն, մտավորական չեն, թող ինձ ներեն, բայց իրենք իրենց հացից կառչած վախկոտ մարդիկ են, որ մտել են իրենց շինելի տակ, իրենց հացն են ուտում, իրենց հացն են ուտում ու իրենց չի հետաքրքրում, թե դրսում ինչ է կատարվում։ Մենք լուրջ խնդիր ունենք, մեր երկիրը շատ լուրջ խնդրի առաջ է կանգնած, ի՞նչ է նշանակում՝ ես մտավորական եմ, ինձ հետաքրքիր չի քաղաքականությունը։
Դու երկրի քաղաքացի ես, դու մտավորական լինել պարտավոր չես, բայց քաղաքացի լինել պարտավոր ես։ Ես կարող էի գրող չլինել, բայց քաղաքացի պարտավոր էի լինել։ Իսկ ես անտարբեր քաղաքացի չեմ ու չեմ հարգում անտարբերներին, ովքեր պատճառաբանություններ են բերում։
Տերյա՞նն էր անտարբեր, Թումանյա՞նն էր անտարբեր, Չարե՞նցն էր անտարբեր, ո՞վ էր անտարբեր, Սևա՞կն էր անտարբեր, Սերո Խանզադյա՞նն էր անտարբեր․․․ Նրանցից ոչ մեկն անտարբեր չէր, թե՞ Վիկտոր Համբարձումյանն էր անտարբեր, ասեր՝ գիտեք, ես աստղագետ եմ, գործ չունեմ քաղաքականության հետ։
Միանշանակ դա չեմ ընդունում։ Դա վախկոտ մարդու՝ իր կոչումից փախուստն է իր շինելի տակ, իր համար մի տաքուկ անկյուն գտել՝ իր հացն է ուտում։ Ես նման մարդկանց չեմ հարգում, ինձ թող ներեն, բայց այս ընթացքում շատ մարդկանց հետ հարաբերություններ փչացան, մարդիկ, որոնց չեմ ուզում բարևել, սակայն ժամանակին նստել ենք, հաց ենք կերել, մի բաժակ խմել ենք։
Մարդիկ կան, որոնց տեսնելն ինձ համար տհաճ է, բնականաբար, խոսքը բոլորի մասին չէ։ Մարդիկ կան, մի քիչ դժվար են տեղից շարժվում, իրենց հասկանում եմ, բայց չի կարելի պատճառաբանել, թե մտավորական են ու չեն հետաքրքրվում քաղաքականությամբ։ Ես 77 տարեկան եմ, կարո՞ղ է ես ուզում եմ նախարար դառնալ, ես ոչինչ չեմ ուզում, ինձ հետաքրքրում է իմ երկիրը։ Մտավորականը նաև հասարակական գործիչ է, եթե դու քեզ հասարակության անդամ չես զգում, ամեն ինչ սուտ է։ Իրենք այսպես են ապրում՝ «երբ հայրենիքն էժան է, իսկ օրվա ուտելիքը՝ թանկ»»։
Հրապարակախոսը նաև հավելեց, որ ճակատագրական օրեր ենք ապրում։ Նա բոլորին կոչ արեց անպայման գնալ ընտրության և ում կուզենան, նրան էլ ընտրեն. «Ամեն ձայն շատ կարևոր է։ Ես կոչ չեմ անում, թե ում ընտրեն»։
Դուսյա ՂԱԶԱՐՅԱՆ, Aysor.am
