Գիտության պատմությունը գիտի բազմաթիվ դեպքեր, երբ գիտնականները տարիներ շարունակ փնտրել են մեկ հարցի պատասխանը, սակայն արդյունքում պատահականորեն գտել են լիովին այլ բան: Երբեմն պատճառ է դարձել լաբորատորիայում մոռացված Պետրիի թասիկը, երբեմն՝ հետազոտողի անփութությունը, իսկ երբեմն էլ՝ նոր դեղամիջոցի անսպասելի կողմնակի ազդեցությունը:
Նման հայտնագործություններին միավորում է մեկ բան. մարդկանց մեծ մասը պարզապես ուշադրություն չէր դարձնի այդ պատահականությանը: Սակայն գիտնականները կարողացան դրանում տեսնել օրինաչափություն, որը հետագայում փոխեց բժշկությունը, արդյունաբերությունը և միլիոնավոր մարդկանց առօրյա կյանքը:
ՎԻԱԳՐԱ. ՍՐՏԻ ԴԵՂԱՄԻՋՈՑԸ ԴԱՐՁԱՎ ԱՄԲԵՂՋՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԽՆԴՐԻ ԼՈՒԾՈՒՄ
1990-ականների սկզբին բրիտանական Pfizer դեղագործական ընկերությունը մշակում էր սիլդենաֆիլ պատրաստուկը՝ կրծքահեղձուկի (ստենոկարդիա) և բարձր զարկերակային ճնշման բուժման համար: Հետազոտողները հույս ունեին, որ նոր միջոցը կընդլայնի սրտի արյունատար անոթները և կբարելավի միոկարդի արյունամատակարարումը:
Սակայն կլինիկական փորձարկումների ժամանակ պարզվեց, որ ակնկալվող արդյունքը բավականին համեստ էր: Փոխարենը՝ հետազոտությանը մասնակցող տղամարդիկ սկսեցին հայտնել մեկ այլ անսովոր արդյունքի՝ էրեկցիայի կայուն բարելավման մասին: Ավելին, շատ կամավորներ չէին շտապում վերադարձնել փորձարկումների ավարտից հետո մնացած հաբերը:
Գիտնականներն արագ հասկացան, որ գործ ունեն ոչ թե կողմնակի անհարմարության, այլ դեղամիջոցի կիրառման նոր ուղղության հետ: Արդեն 1998 թվականին պատրաստուկը Viagra առևտրային անվանմամբ հաստատվեց էրեկտիլ դիսֆունկցիայի բուժման համար և դարձավ աշխարհում ամենահայտնի դեղերից մեկը:
ՍԱԽԱՐԻՆ. ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵՑ ՉԼՎԱՑՎԱԾ ՁԵՌՔԵՐԻՑ
1879 թվականին քիմիկոս Կոնստանտին Ֆալբերգն աշխատում էր ամերիկացի գիտնական Այրա Ռեմսենի լաբորատորիայում՝ հետազոտելով քարածխային խեժի միացությունները:
Աշխատանքային օրվա ավարտից հետո Ֆալբերգը գնաց ընթրելու և հանկարծ նկատեց, որ հացն արտասովոր քաղցր համ ունի: Շուտով նա հասկացավ, որ քաղցր համը ոչ թե ուտելիքից էր, այլ իր մատներից. գիտնականը պարզապես մոռացել էր լաբորատորիայում աշխատելուց հետո մանրակրկիտ լվանալ ձեռքերը:
Վերադառնալով իր նմուշներին՝ Ֆալբերգին հաջողվեց որոշել այն նյութը, որն օժտված էր չափազանց քաղցր համով: Այդպես հայտնագործվեց սախարինը՝ աշխարհում առաջին արհեստական քաղցրացուցիչը, որը հետագայում լայն տարածում գտավ սննդի արդյունաբերության մեջ:
Այսօր սախարինը հայտնի է առաջին հերթին որպես շաքարի փոխարինիչ շաքարային դիաբետ ունեցող և կալորիաների ընդունումը սահմանափակող մարդկանց համար:
ՊԵՆԻՑԻԼԻՆ. ՄՈՌԱՑՎԱԾ ՊԵՏՐԻԻ ԹԱՍԻԿԸ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԿՅԱՆՔԵՐ ՓՐԿԵՑ
Գիտության պատմության մեջ ամենահայտնի պատահականություններից մեկն է համարվում պենիցիլինի հայտնագործումը:
1928 թվականին բրիտանացի բակտերիաբան Ալեքսանդր Ֆլեմինգն ուսումնասիրում էր ստաֆիլոկոկերը: Արձակուրդ գնալուց առաջ նա լաբորատորիայում թողել էր բակտերիալ կուլտուրաներով մի քանի Պետրիի թասիկներ:
Վերադառնալով՝ գիտնականը հայտնաբերեց, որ թասիկներից մեկն աղտոտվել է բորբոսասնկով: Սովորաբար նման փորձի արդյունքը պարզապես դեն են նետում, սակայն Ֆլեմինգը նկատեց մի անսովոր մանրուք. բորբոսի գաղութի շուրջը բակտերիաներն ամբողջությամբ անհետացել էին:
Ուշադիր հետազոտությունից հետո պարզվեց, որ Penicillium սունկն արտադրում է մի նյութ, որը ոչնչացնում է բակտերիաները: Այդպես հայտնագործվեց առաջին հակաբիոտիկը, որը սկիզբ դրեց բժշկության մեջ նոր դարաշրջանի և փրկեց հարյուր միլիոնավոր մարդկային կյանքեր:
