Հայաստանի խորհրդարանը մայիսի 11-ին կայացած արտահերթ նիստում հավանություն է տվել Քրեական օրենսգրքում կատարվող այն փոփոխություններին, որոնք նախատեսում են խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար սահմանված պատիժները։ Նախագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, ձեռնպահ է մնացել՝ 8-ը։
Օրենսդրական փոփոխությունների հեղինակն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն է։
Մասնավորապես, իրացման նպատակով թմրամիջոցների արտադրության, պատրաստման, վերամշակման, ձեռքբերման, պահպանման, փոխադրման, առաքման, տարածման, գովազդի և իրացման դեպքում, եթե հանցանքը կատարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ, մեղավորներին կսպառնա 5-ից 10 տարի ժամկետով ազատազրկում՝ նախկին 3-6 տարվա փոխարեն։
Բացի այդ, նույն հանցանքն անչափահասի մասնակցությամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու դեպքում առաջարկվում է սահմանել ավելի խիստ պատիժ՝ 8-ից 15 տարի ժամկետով ազատազրկում։
Կխստացվի նաև անձնական նպատակներով թմրամիջոցներ պարունակող բույսեր աճեցնելու համար պատասխանատվությունը։ Մասնավորապես, միջին աշխատավարձի տասնապատիկի չափով տուգանքի փոխարեն կկիրառվի քսանապատիկի չափով տուգանք, կամ 2 տարի ժամկետով ազատազրկում (նախկին 1 տարվա փոխարեն)։
News.am
