Логотип

ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2022Թ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ` ԸՍՏ «GLOBAL FINANCE» ՀԵՂԻՆԱԿԱՎՈՐ ԱՄՍԱԳՐԻ

Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. Հայաստանի լավագույն բանկը միջազգային ֆինանսական ոլորտում մասնագիտացած «Global Finance» հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է «Global Finance»-ի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի ամենամյա 29-րդ մրցանակաբաշխության շրջանակում, որը գնահատում է ընթացիկ ժամանակահատվածում աշխարհի շուրջ 150 երկրում և տարածքում բանկերի արձանագրած ֆինանսական արդյունքները։

Ընտրությունը կատարվել է «Global Finance»-ի խմբագիրների կողմից` հաշվի առնելով կորպորատիվ ֆինանսական առաջնորդների, բանկիրների և վերլուծաբանների հետ ընդլայնված խորհրդակցությունները և հիմք ընդունելով այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ բանկերի ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնեսի զարգացումն ու պրոդուկտների նորարարությունը։

«Global Finance»-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոյի խոսքով` ֆինանսական աշխարհում ընթացիկ իրարանցման պայմաններում կորպորատիվ առաջնորդները բանկային հարաբերությունների ընտրության հարցում բախվել են նոր մարտահրավերների։ «Մեր մրցանակներն օգնում են որոշում կայացնողներին ընտրելու լավագույն ֆինանսական գործընկերներին», – նշել Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն։

Ամերիաբանկի Տնօրինության նախագահգլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Անչափ ուրախ ենք «Global Finance» ամսագրի կողմից հերթական անգամ Հայաստանի լավագույն բանկը ճանաչվելու կապակցությամբ։ Սա մեր ֆինանսական հզորության օբյեկտիվ և բարձր գնահատականն է, ինչն արտացոլված է վերջին մի քանի տարիներին ֆինասական շուկայում մեր ունեցած առաջատար դիրքով։ Առավել լայն համատեքստում սա արտաքին մարտահրավերներին դիմակայելու և շուկայի պահանջների շարունակական փոփոխություններին արձագանքելու մեր կարողության վկայությունն է։ Այն ապացուցում է, որ Բանկն իր զարգացման ճիշտ ուղու վրա է և մղում է բոլորիս դեպի շարունակական առաջընթաց` ի շահ մարդկանց, ում ծառայություն ենք մատուցում և որոնց հետ աշխատում ենք»։

Վերջին տասնամյակում Ամերիաբանկը «Global Finance» ամսագրի Լավագույն բանկ մրցանակին արժանանում է ութերորդ անգամ։ Մեկ ամիս առաջ նույն պարբերականի կողմից Ամերիաբանկը ճանաչվել էր նաև Հայաստանի լավագույն ներդրումային բանկը։