Ճակատագրի քմահաճույքին նետված և մոլեգնող գների առջև միայնակ ու լքված ՀՀ բնակչությունը ստիպված է ընդամենը ապագա «բարիքներ» հուսալ կառավարությունից։ Այսպես, կենսաթոշակառուներին խոստացել են երկու փուլով՝ սեպտեմբերի 1-ից և հաջորդ տարվա հուլիսի 1-ից բարձրացնել թոշակները մինչև 6 հազար դրամով (հենց՝ մինչև)։ Իսկ ինչ վերաբերում է քաղաքացիների դրամապանակները դատարկելուն (մասնավորապես, իշխանություններն այս տարեսկզբից բարձրացրել են ջրի, գազի և էլեկտրաէներգիայի սակագները, իսկ «Վեոլիա Ջուր»-ը դիմել է 2023թ. հունվարի 1-ից ջրի սակագնի նոր բարձրացման հայտով), ապա այդ գործընթացը շատ ավելի հաջող ու արագ է ընթանում:
Ստացվում է, որ կառավարությունն ինքն է խթանում գնաճը, իսկ «բնական մոնոպոլիստները», մատնացույց անելով հենց այդ գնաճը, պահանջում են իրենց ծառայությունների սակագների բարձրացում։ Փակ շրջան: Ընդ որում ոչ ոք չի ցանկանում նկատել դրամի զգալի ամրապնդումը հաստատուն արժույթների նկատմամբ, ինչը, հակառակը, պիտի նպաստի սակագների նվազմանը…