Նարե ՍԻՄՈՆՅԱՆ․ ՄԱՆԻՊՈՒԼԻԱՑԻԱՆԵՐ՝ ՆԳՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԱԿԱՐԴԱԿՈՎ
Վերջին օրերին հանրային արձագանք է ստացել Վանաձորի ոստիկանության կողմից Տիգրան Ուլուբաբյանի խոշտանգման դեպքը։ Ընդհանրապես, թեմային մի քիչ ուշադիր մարդը պետք է որ արձանագրած լինի, որ վերջերս հաճախակի են դարձել ոստիկանության կողմից քաղաքացիների խոշտանգման դեպքերի ահազանգերը։ Ամենացայտուն օրինակներից՝ Սամվել Վարդանյանի դեպքը. քաղաքական դրդապատճառով ձեռբակալությունից հետո, երբ նա գտնվում էր ոստիկանության վերահսկողության տակ, «անհայտ անձինք» հարձակվել ու խոշտանգել են նրան... Մինչև հիմա ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել, այդ թվում՝ նրան ուղեկցող ոստիկանները։