Հաղորդագրությունները Ադրբեջանի հետ սահմանի վրա գտնվող վրացական Դավիթ Գարեջա վանական համալիրի շուրջ տիրող իրավիճակի մասին մամուլում հայտնվում են նախանձելի կանոնավորությամբ։ Բացի սահմանների գծանշման խնդրից, այդ հարցում շատ ավելի էական է պատմամշակութային տեսանկյունը, որը կողմերից մեկը նրբանկատորեն շրջանցում է, իսկ մյուսը՝ ագրեսիվ կերպով ահագնացնում, չթաքցնելով քրիստոնեական հուշարձանը վերջնական արդյունքում յուրացնելու մտադրությունները։ Ավելին, պարբերական միջադեպերի մշտական մեղավոր է թվում վրացական կողմը, որը հայտնվել է, ըստ էության, երկու կրակի արանքում. հարևան թուրքական պետություններից տնտեսական և ինչ-որ չափով քաղաքական կախվածության և վրաց ժողովրդի համար սրբազան նշանակություն ունեցող հուշարձանը պահպանելու ձգտման։