ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանն Armenia Today-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին և ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերաբերյալ սփյուռքահայության ընկալումներին:
Փափազյանը Հայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովի միջոցառումներին:
CCAF-ի համանախագահի դիտարկմամբ՝ Սփյուռքը հայրենիքի նկատմամբ յուրահատուկ «թուլություն» ունի, քանի որ տասնամյակներ շարունակ պայքարել է անկախ պետականության ստեղծման համար և այսօր էլ պատրաստ է զորավիգ կանգնել Հայաստանին, հատկապես, երբ երկիրը վտանգված է:
Միևնույն ժամանակ, ՀՅԴ Բյուրոյի անդամը քննադատել է պաշտոնական Երևանի դիվանագիտական կուրսը՝ այն որակելով պասիվ՝ ի տարբերություն Սփյուռքի կառույցների գործունեության:
Ըստ Փափազյանի՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Արցախի և ռազմագերիների վերադարձի հարցերում Հայաստանի դիվանագիտությունը չի ցուցաբերում բավարար ակտիվություն: «Ցավոք, այս բոլոր կարևոր հարցերի շուրջ շատ մեծ տարբերություն կա Հայաստանի և Սփյուռքի միջև»,- նշել է նա՝ ընդգծելով արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար միասնական ճակատով հանդես գալու անհրաժեշտությունը:
